Play Video

Դասախոսությունների ընթացքում միշտ մի անեկդոտ եմ պատմում, բայց ոչ թե ծիծաղելու համար, այլ որպեսզի հասկանանք իրավիճակը: Խոսքը այն համակարգիչ ստեղծողների մասին է, որոնք գալիս են և սկսում են պարծենալ, որ ստեղծել են մի համակարգիչ, որը կարող է բոլոր հարցերին պատասխանել: Բնականաբար ինչ հարց տալիս են, համակարգիչը պատասխան է տալիս: Վերջում գալիս է հայը և մի հարց է տալիս, որի հիման վրա այդ համակարգիչը փչանում է: Հետո, երբ հարցնում են, թե ի՞նչ հարցրեցիր, ասում է՝ հեչ, ուղղակի հարցրեցի, թե ի՞նչ կա-չկա: «Ինչ կա-չկա»-ի պատճառով համակարգիչը փչանում է: Ինչո՞ւ: Պարզ է, որովհետև եթե դու իրեն հարցնում ես՝ ինչ կա-չկա, շատ կենցաղային, պարզ հարց, նա իր համակարգչի տրամաբանությամբ սկսում է մտածել հետևյալը, որ սկզբից նա պարտավոր է թվարկել այն ամենը, ինչ կա, իսկ հետո պետք է թվարկի այն ամենը, ինչ չկա: Բայց դա նշանակում է, որ նա պետք է ձեզ տա երկու անվերջ շարք՝ բոլոր գոյություն ունեցող բաների և բոլոր գոյություն չունեցող բաների: Եվ քանի որ նա դա անել չի կարող, քանի որ խնդիրը անվերջ է, համակարգիչը փչանում է: Եվ այն բանից հետո, երբ բոլորը համոզվում են, որ, չէ, հնարավոր չէ նման մեքենա ստեղծել, այդ նույն հայը շատ հեշտությամբ խնդիրը լուծում է՝ բացատրելով, որ նման հարցին շատ պարզ պատասխան կա…

Փիլիսոփայությունը նպատակ ունի մտածել վերջավոր մարդու տեղը անվերջ աշխարհում: Ինչո՞ւ է այս մտածելը կարևոր, որովհետև վերջավոր մարդու անվերջ աշխարհի հարաբերության վերաբերյալ մարդկությունն ունի ամենատարբեր հոգևոր կառույցները: Կրոնն ի վերջո ոչինչ այլ բան չէ, քան մի այլ ձեռնարկ, որը նորից գործ ունի վերջավոր մարդու և անվերջ աշխարհի հետ, բայց կրոնը այստեղ չի մտածում, այլ հավատում է:

Եթե մենք ընդունում ենք, որ փիլիսոփայությունը որոշակի ճանապարհ է անցել, զարգացում է ապրել, ապա կարող ենք արձանագրել երեք հիմնական մեծ փուլ, որոնցից երրորդում հիմա գտնվում ենք մենք: Այդ փուլերը կամ հարացույցներն են՝
1) գոյաբանական,
2) մենթալիստական,
3) լեզվաբանական:

Վիտգենշտայնը մի գեղեցիկ միտք ունի. նա ասում է. «Ես ավելի շատ բան չգիտեմ իմ ատամնացավի մասին, քան թե ուրիշները»: «Ինչպե՞ս: Քո ատամնացավն է, չէ՞»: «Այո, – ասում է, – բայց իմ մեջ ինչ-որ ցավեր են, որոնք անկապ, տձև զգացողություններ են: Ես կա՛մ կարող է լեզվի միջոցով կարողանամ արտահայտել, կա՛մ՝ չկարողանամ: Որքան կարողացա լեզվի միջոցով արտահայտել և հասկանալ ինքս, թե իմ մեջ ինչ է կատարվում, այնքան էլ ուրիշը կհասկանա: Որքան չկարողացա, այդքան էլ ուրիշը չգիտի. ես էլ չգիտեմ»: Սա հենց երրորդ հարացույցն էր՝ լեզվաբանականը, երբ մարդիկ հասկանում են, որ միտքն էլ իր հերթին արձանագրված է լեզվական համակարգերի մեջ, և եթե դուք ուզում եք խոսել աշխարհի մասին, պետք է խոսեք մտքի մասին, և եթե ուզում եք խոսել մտքի մասին, պետք է խոսեք լեզվի մասին:

Դիտեք նաև՝

Search