Play Video
6. Տեքստ․ Հաղորդակցության գաղտնիքները (մաս 3) | Նունե Դիլանյան

Մեզ շրջապատող բնական և արհեստական օբյեկտները ձեռք են բերում լրացուցիչ իմաստներ, որոնք, կապվելով միմյանց հետ, կազմում են երկրորդային նշանային համակարգ, ստանձնում են կրկնակի դեր՝ հանդես են գալիս որպես բնական լեզվի միավորներ՝ բառեր, և միևնույն ժամանակ որպես երկրորդ նշանային համակարգի միավորներ։ Հարց է առաջանում․ այդ կրկնակի դերում ինչպե՞ս են դրանք հարաբերակցում միմյանց հետ։

Նշանը բարդ միավոր է․ բաղկացած է նշանակիչից՝ ակուստիկ կաղապարից, և նշանակյալից՝ այն օբյեկտից, որին հղում է։ Առաջին համակարգի նշանը երկրորդ համակարգում դառնում է ընդամենը նշանակիչ, հանդես է գալիս միայն ակուստիկ կաղապարի դերում, իսկ իմաստը ձեռք է բերվում երկրորդ նշանային համակարգում։ Շատերը հաճախ օգտագործում են «կապույտ արյուն» արտահայտությունը՝ առանց իմանալու դրա առաջացման պատճառը, միայն հասկանալով, որ խոսքն իսկապես կապույտ գույնի արյան մասին չէ։ Այս փոխաբերությունը մեզ հասել է արդեն երկրորդ նշանային համակարգի միջոցով՝ որպես ակուստիկ կաղապար, որը որոշակի իմաստով է լցվել։ Ինչը նշանակում է, որ մշակութային կոդերը նաև կարող են ներմուծվել կամ արտահանվել այն դեպքում, երբ դրանց հիմքում ընկած ֆիզիկական պատճառը որոշակի առումով համընդհանուր բնույթ ունի, և ավելի հեշտ է ընկալվում փոխաբերության առաջացման գործընթացը։

Գոյաբանական, կառուցվածքային, կապի խողովակի և այլ տեսակի փոխաբերություններից զատ՝ մշակութային կոդերը դասակարգվում են նաև հետևյալ խմբերի՝

  • Սոմատիկ
  • Առարկայական
  • Ժամանակային
  • Տարածական
  • Հոգևոր

Այս կոդերի միջև եղած սահմանն ամենևին կարծր չէ, կարող է մի կոդից մյուսին անցում կատարվել։ Օրինակ՝ «Այս ինչ բանը միշտ ձեռքիս տակ է» արտահայտության դեպքում գործ ունենք միաժամանակ երկու կոդերի հետ՝ սոմատիկ (մարմնական), որի դեպքում «ձեռք» բառը հանդես է գալիս իր փոխաբերական իմաստով, և տարածական, որը կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ սովորաբար տարածքը բաժանում են տարբեր հատվածների և դրանց իրենցից մոտ կամ հեռու գտնվելու չափանիշն են օգտագործում։ Այստեղ սոմատիկ կոդի հետ մեկտեղ գործում է նաև տարածական կոդը, այսինքն՝ երբ ասում ենք «ձեռքիս տակ է», ի նկատի ունենք ոչ թե այս արտահայտության բառացի իմաստը, այլ հասանելիության իմաստը։

Առարկայական, ժամանակային, տարածական և հոգևոր կոդերի հարաբերակցությունը և այն, թե ինչպես կարող է կոնկրետ երևույթը տեքստի և դրա վերլուծության շնորհիվ վերածվել մշակութային կոդի, կարող ենք տեսնել Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» ստեղծագործության մեջ։

Դիտեք նաև՝

Search