Փոխաբերությունը նույնպես մշակութային կոդ է։ Ջորջ Լակոֆֆը և Մարկ Ջոնսոնը «Փոխաբերություններ, որոնցով մենք ապրում ենք» գրքի առաջաբանում նշում են, որ մարդկանց թվում է` փոխաբերությունները բանաստեղծական, գեղարվեստական տիրույթից են, ստեղծվում են խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար, զուտ լեզվական երևույթ են, մինչդեռ դրանք սկսվում են մարդու մտածողությունից։
Տարբեր մշակույթներում փոխաբերությունները կարող են ունենալ ընդհանրություններ, եթե նույն ֆիզիկական հիմքից են ելնում։ «My income rose last year» (Անցյալ տարի իմ եկամուտը աճել է) փոխաբերության ֆիզիկական հիմքը հետևյալն է․ երբ որևէ առարկա շարում ենք մեկը մյուսի վրա, որքան ավելի է շատանում այդ շարքը, այդքան բարձրանում է դրա մակարդակը։ Տեղափոխելով այս նյութականորեն արտահայտված բարձրանալու գործընթացը վերացական երևույթի վրա, ինչպիսին է եկամուտը, ստանում ենք «իմ եկամուտը բարձրացել է» փոխաբերությունը։
Ըստ գրքի հեղինակների` փոխաբերությունները կարող են ներկայանալ նաև որպես կապի խողովակի փոխադրություններ, ինչը մենք շատ հաճախ ենք օգտագործում։ «Ես եմ քեզ տվել այդ միտքը», «Վերջապես խոսքս տեղ հասավ» արտահայտություններում վերացական գաղափարը նյութականացման ճանապարհ է անցնում և դառնում օբյեկտ, որը մենք տեղադրում ենք ակուստիկ կաղապարի` անոթի մեջ, ինչն էլ հնարավոր է դարձնում այն մի կետից մյուս կետ հասցնելը։
Գոյաբանական փոխաբերությունների դեպքում կրկին նյութականացնում ենք որևէ երևույթ` այն տեսանելի, շոշափելի դարձնելով` «Նա ձեռքից բաց թողեց հնարավորությունը», «Այս շաբաթ մեզ վատ եղանակ է սպասում»:
Գրքի հեղինակները բերում են նաև կոնցեպտուալ փոխաբերության օրինակներ: Փոխադրության շնորհիվ ստեղծվում է լեզվական որոշակի համակարգ, շրջանակ, այսինքն` տվյալ փոխաբերությունը լեզվի, խոսքի համար կառուցվածքաստեղծ դեր է խաղում: Լակոֆֆը և Ջոնսոնը պնդում են, որ վեճը պատերազմ է` հիմնվելով «Ես կոչնչացնեմ ձեր փաստարկները», «Ես կհաղթեմ/կպարտվեմ այս վեճում», «Ձեր մարտավարությունը ընդունելի չէ ինձ համար» և այլ նմանատիպ արտահայտությունների վրա: Եթե դրանք դիտարկենք համատեքստից դուրս, կմտածենք, որ խոսքը ռազմական գործողությունների մասին է, բայց իրականում` ընդամենը վեճի: Երբ ռազմական տերմինաբանությունը տեղափոխում ենք լեզվական խոսույթ, մենք ոչ միայն դա ներկայացնում ենք որպես բառեր և արտահայտություններ, այլև սկսում ենք այդպես ընկալել և գործել։
Փոխաբերությունները վերաբերում են ոչ այնքան լեզվին, որքան գիտակցությանը, մտածողությանը, և լեզվականանում են հենց այն պատճառով, որ առաջանում են մարդու գիտակցության մեջ։