Play Video
1. Տեքստ. Առաջաբան | Նունե Դիլանյան

Մենք հաճախ չենք նկատում, որ առօրյայում օգտագործվող բազմաթիվ բառեր նաև տարբեր գիտակարգերի եզրեր են: Այս բառերի թվին է պատկանում նաև տեքստը, որն ունի բազմաթիվ սահմանումներ և հումանիտար մտքի շրջանակներում շատ էական դեր ունի: Ժամանակի ընթացքում գիտական խոսույթ ներհոսում են տարբեր հասկացություններ, որոնք, սակայն, ոչ միանգամից են հաստատվում և հստակեցվում. դրանց շուրջ գոյանում են երկարատև գիտական վեճեր: Այս գործընթացը, սակայն, շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս տվյալ եզրույթի կարևորությունը գիտական խոսույթում: Դասախոսությունների այս շարքի խորագիրը կլինի «Տեքստ», քանի որ տեքստի իմացությունը, այն կառուցելու ու փոխանցելու հմտությունները հսկայական դեր են խաղում հումանիտար մտքի զարգացման գործում:

Մենք մտորում ենք, փորձում ենք մեր մտքերը հոդաբաշխ ձևով արտահայտել: Մենք վիճում ենք, փաստարկներ ենք բերում և փորձում ենք հետևել փաստարկման կանոններին՝ նկատի ունենալով մեր խոսքի հասցեատերերին, որոնք ևս պիտի տիրապետեն այդ կանոններին: Մենք կարդում ենք Չարենց և Մաթևոսյան, Մարկես և Մանդելշտամ, և փորձում ենք իջնել տեքստի խորքերը և գտնել դրա իմաստը՝ տարանջատելով այն բովանդակությունից: Մենք կանգնում ենք Ռեմբրանդտի կտավի առջևում և հուզվում ենք: Լսում ենք Բախ և Բեթհովեն և հասկանում ենք՝ ինչի մասին է այդ երաժշտությունը: Ինչի՞ արդյունքում է այդպես լինում: Ի՞նչ ազդակներ է ստանում մարդը, որ ստիպում են նրան այդ ապրումներն ունենալ: Երբ փորձում ենք այս հարցերին պատասխանել, գալիս ենք այն եզրակացության, որ մարդը տիրապետում է այդ բոլոր նշանային համակարգերի միջոցով դրսևորվող տեքստերի լեզվին:

Ինչո՞ւ տեքստ, ոչ թե լեզու: Տեքստն իր շուրջ հավաքում է տարբեր գիտակարգեր՝ լեզվաբանություն, մշակութաբանություն, նշանագիտություն, հոգեբանություն, հասարակագիտություն և այլն: Այս գիտակարգերը, միավորվելով տեքստի շուրջ, այն դիտարկում են տարբեր դիտանկյուններից: Լեզուն, իր հերթին, այն պահոցն է, որտեղ թաքնված է անսահման քանակի տեքստեր ստեղծելու ներուժը: Երբ լեզուն դրսևորում է իրեն տեքստի մեջ, այդ ներուժը վերածվում է ուժի:

Լեզվից կարող է ծնվել այսպիսի մի նախադասություն. «Այս աղջիկն այնքան նիհար է, ոնց որ թոքախտավոր լինի, մաշկն էլ այնքան թափանցիկ է, որ երակները տակից երևում են»: Սակայն նույն լեզվից կարող է ծնվել այսպիսի միտք՝

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի

Դիտեք նաև՝

Search