Play Video

Ավելի քան 100 տարի առաջ լույս տեսավ մի աշխատություն, որի անհերքելի կարևորության և արժեքի մասին վկայում է այն փաստը, որ մինչ օրս այն վերլուծվում, քննարկվում և մեկնաբանվում է։ Աշխատության հեղինակի ապրելակերպը և կյանքի հանգամանքներն իր մտերիմները տարօրինակ էին համարում․ Առաջին աշխարհամարտի ժամանակ նա կամավոր մեկնեց ռազմաճակատ, գերի ընկավ, պատերազմից հետո հրաժարվեց իր հսկայական ժառանգությունից։ Որոշ ժամանակ մեկուսացավ լեռներում, ցանկացավ դառնալ վանական, նույնիսկ՝ նվագախմբի դիրիժոր։ Համարելով, որ աշխարհում տեղ չունի՝ ցանկացավ ինքնասպան լինել։ Կյանքի վերջում քաղցկեղից մահանալիս հայտարարեց, որ հոյակապ կյանք է ունեցել։ Պատերազմի տարիներին նա ուսապարկում կրում էր իր գլուխգործոցը՝ «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատը»։ Խոսքը 20-րդ դարի թերևս ամենափայլուն ուղեղներից մեկի՝ Լյուդվիգ Վիտգենշթայնի մասին է։ 

Վիտգենշթայնը համարում էր, որ իր գաղափարները սխալ էին մեկնաբանում անգամ իր աշակերտները, և որ նույնիսկ գալիք սերունդները հազիվ թե կարողանան մինչև վերջ հասկանալ, թե ինչ էր նա ուզում ասել։ Միևնույն ժամանակ նա համարում էր, որ այն ամենը, ինչ ինքը ներկայացրել է, անհերքելի է, իսկ իր աշխատությունն ամբողջական է և լրացումների կարիք չունի։ Տրակտատը բավական բարդ գործ է, քանի որ Վիտգենշթայնը գրեթե չի տալիս որևէ հիմնավորում, շարադրում է 526 դրույթները՝ սակավաթիվ մեկնաբանություններով՝ համարելով, որ դրանք բացատրության կարիք չունեն։ Տրակտատի հիմքում ընկած են լեզվի և աշխարհի հարաբերությունները, որի հենքը, ըստ Վիտգենշթայնի, տրամաբանությունն է։ Լեզուն ներկայանում է որպես աշխարհի հայելային պատկեր։

Գիտնականը համարում էր, որ աշխարհը բաղկացած է ոչ թե օբյեկտներից, այլ այդ օբյեկտների հարաբերությունից, այսինքն՝ փաստերից։ Ըստ նրա՝

  • Օբյեկտն այն է, ինչը գոյություն ունի, միշտ կա։ 
  • Օբյեկտի համար էական է, որ այն կարող է դառնալ նվազագույն փաստի բաղադրիչ։
  • Օբյեկտն ինքնին անգույն է։ Գունավորվում է այն ժամանակ, երբ հարաբերությունների մեջ է մտնում ուրիշ օբյեկտների հետ։

Լեզվի տեսանկյունից՝ անունները օբյեկտների նշաններն են, իսկ նվազագույն տարրական փաստը նախադասությունն է։ Նախադասությունից դուրս օբյեկտներն ընդամենը անուններ են, անգույն են, մինչև չեն մտնում այլ օբյեկտների հետ հարաբերությունների մեջ, չեն պարզաբանվում և գունավորվում։ Միայն նախադասության համատեքստում է անունը նշանակություն ձեռք բերում, իմաստավորվում։ Վիտգենշթայնը հանգում է լեզվի պատկերավոր էության գաղափարին։

Դիտեք նաև՝

Search