Ստեղծելով նշանային համակարգը՝ մարդը ստեղծեց մի աշխարհ, որը միջանկյալ դիրք գրավեց իր և իրական աշխարհի միջև։ Այսինքն՝ մարդը սկսեց ճանաչել աշխարհը նշանների միջոցով։ Միջանկյալ դիրքն, իհարկե, չի նշանակում, որ այդ աշխարհը մարդուց դուրս է, այն մարդու գիտակցության մեջ է, բայց այդպես՝ միջնորդավորված ձևով է մարդն առնչվում աշխարհի հետ։ Այն նշանը, որը տրվում է երևույթին, իրին, առարկային, փոխարինում է այդ առարկան մարդու գիտակցության մեջ։ Ումբերտո Էկոն ասում էր, որ ստեղծելով նշանը՝ մարդը ստեղծեց այն միակ գործիքը, որի շնորհիվ նա կարողացավ կողմնորոշվել այս աշխարհում:
Բազմաքանակ են նշանի շուրջ ծավալված, ծավալվող և ամենայն հավանականությամբ ծավալվելիք խոսակցությունները և մոտեցումները։ Կարելի է առանձնացնել լեզվաբաններ Ֆերդինանդ դը Սոսյուրի և Էմիլ Բենվենիստի, նշանագիտության հիմնադիրներից մեկի՝ Չարլզ Պիրսի, մաթեմատիկոս, տրամաբան, փիլիսոփա Գոտլոբ Ֆրեգեի, գրող, երգիծաբան, փիլիսոփա Ստանիսլավ Լեմի՝ միմյանց լրացնող, իսկ երբեմն նաև միմյանց հակասող մոտեցումները։
Մենք լույս աշխարհ ենք գալիս և հայտնվում մի աշխարհում, որն արդեն իսկ ներկայանում է որպես նշանային համակարգ։ Այդ նշանները տարբեր ծավալներ ունեն, տարբեր ձևով են ներկայանում մեզ՝ բառ, նախադասություն, արտահայտություն, ամբողջական տեքստ, ծես, գործողություն և այլն։ Այդ նշանների կերտման գործընթացը՝ սեմիոզիսը, անսահման մեկնաբանությունների տարածք է, որտեղ հնարավոր չէ գտնել ո՛չ առաջին, ո՛չ վերջին նշանը։ Խորխե Լուիս Բորխեսի ստեղծագործություններով մի այսպիսի միտք է անցնում՝ «Ինչպե՞ս մենք կարող ենք հասնել իրականությանը, եթե դատապարտված ենք պարփակված մնալու անսահման նշանային մեկնաբանությունների տարածքում»։ Այդ տարածքն իրոք անսահման է։ Դեռ ավելին, ըստ Ումբերտո Էկոյի, այդ մեկնաբանությունների վերջը, նշանակերտման վերջը կխորհրդանշի նաև մարդկության ավարտը, կխորհրդանշի անէություն, որտեղ չկա ո՛չ գործ, ո՛չ պատկեր։ Սա ամենևին հոռետեսական մոտեցում չէ։ Ընդհակառակը, հենց դա է դրդում մարդկանց շարունակել պրպտել, փնտրել ու ստեղծել նոր մեկնաբանություններ և նոր իմաստներ։