Play Video
20. Վերջաբան. Տեքստակենտրոնություն | Նունե Դիլանյան

Տեքստն այն կախարդական բանալին է, այն կախարդական բառը` «Սեզամ, բացվիր»-ը, որը թույլ է տալիս մուտք գործել մարդու աշխարհ, մշակույթի աշխարհ. եթե մարդն ունի այդ կախարդական բանալին, նրա հետագա զարգացումն ապահովված է:
Էռնստ Կասիրեր

Տեքստակենտրոնություն եզրը շրջանառության մեջ է մտցրել բազմատաղանդ հեղինակ և գիտնական Յուրի Լոտմանը: Նրա նվիրյալ աշակերտ Սուրեն Զոլյանը գրել է մի շատ հետաքրքիր հոդված` «Յուրի Լոտմանը տեքստի մասին. գաղափարներ, խնդիրներ, հեռանկարներ», որը ոչ միայն ի մի է բերում Լոտմանի ստեղծագործական արդյունքը և արդյունավետությունը, այլև նշում է այն հեռանկարները, որ կարող է տալ այդ ուսմունքի լուրջ ուսումնասիրությունն այլ գիտնականներին:

Զոլյանն առանձնացնում է այն հինգ հիմնական դրույթները, որոնք իր կարծիքով ընկած են Լոտմանի տեսության հիմքում`

  • Տեքստի սահմանման պրագմատիկ գործոններն ու չափանիշները. այն, որ տեքստի և ոչ տեքստի տարանջատումը հիմնված է ոչ թե լեզվաբանական կամ նշանաբանական հատկանիշների վրա, այլ` պրագմատիկ, սոցիոմշակութային չափանիշների վրա: Ըստ Զոլյանի` Լոտմանի տեքստի տեսությունը կարող է ստանալ իր հետագա զարգացումը, եթե նաև ներառի խոսողական ակտերի տեսությունը, պերֆորմատիվների տեսությունը, լեզվական խաղերի տեսությունը:
  • Տեքստը բազմալեզու և բազմիմաստ օբյեկտ է. ցանկացած տեքստ ծնվում է առնվազն երկու տարատեսակ լեզուների շնորհիվ և այդպիսով թույլ է տալիս բազմաթիվ մեկնաբանություններ:
  • Տեքստի և հասցեատիրոջ երկուստեք հարաբերությունները. Լոտմանի կարևորագույն գաղափարներից մեկը ընթերցողի կամ ընդունող մշակույթի ակտիվ դերն է` մի կողմից, և տեքստի ակտիվ դերը ընթերցողի և ընդունող մշակույթի ձևավորման հարցում` մյուս կողմից:
  • Տեքստը դինամիկ, ինքնազարգացող օբյեկտ է. տեքստի այս սահմանումը, ըստ Զոլյանի, շատ մոտ է Լոտմանի այն սահմանումներին, որոնք վերաբերում են ինտելեկտին (գիտակցությանը) և սեմիոսֆերային (նշանատիրույթ): Զոլյանը նշում է, որ այս եռյակը` տեքստ, ինտելեկտ և սեմիոսֆերա, ներկայացնում է նույն երևույթի տարբեր կողմերը, և եռյակի յուրաքանչյուր անդամ փոխադարձաբար ստեղծում և զարգացնում է այլ անդամներին:
  • Տեքստը երեք փոփոխականների հարաբերությունների համալիր է: Այդ փոփոխականներն են տեքստը նեղ իմաստով` տեքստը որպես նշանային գոյացում, հասցեատերը և համատեքստը, որոնց, ըստ Զոլյանի, կարելի է ավելացնել նաև չորրորդ բաղադրիչը` լեզուն որպես նշանային համակարգ:

Լոտմանն աստիճանաբար հանգում է այն գաղափարին, որ անհրաժեշտ է տարբերակել տեքստը որպես լեզվաբանական օբյեկտ դիտարկելու մոտեցումը, տեքստը որպես նշանաբանական օբյեկտ դիտարկելու մոտեցումը և տեքստը որպես սոցիոմշակութային երևույթ դիտարկելու մոտեցումը:

Դիտեք նաև՝

Search