Ինչպե՞ս ծնվեց տեքստը: Ի՞նչն էր մեր հեռավոր նախնիների մոտ առաջացրել տեքստ ստեղծելու պահանջ: Աշխարհը միշտ ստեղծել է մարդու գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ, սակայն միևնույն ժամանակ միշտ վտանգել է այդ գոյատևման գործընթացը, և մարդը ստիպված է եղել այդ կենսապայմաններին հարմարվելու համար պրպտել, ձեռք բերել որոշակի փորձ, որպեսզի շարունակի գոյատևել: Այդ փորձն աստիճանաբար ընդլայնվել է, և եկել է մի պահ, երբ առաջացել է այն գրանցելու, մարդուց մարդ փոխանցելու անհրաժեշտություն: Բնականաբար դա երկարատև գործընթաց է եղել, որն անցել է մի շարք փուլերով` յուրաքանչյուրում որոշակի խնդիր լուծելով:
- Բանավոր խոսք և բանավոր հաղորդակցություն` հնչող ձայն, դիմախաղ, իմաստավորված շարժում: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ այդ գործիքը բավարար չէ արդյունավետ հաղորդակցություն իրականացնելու համար. մարդիկ պետք է գտնվեին իրար մոտ, իսկ միջնորդների միջոցով խոսքի փոխանցումը ստեղծում էր որոշակի աղմուկ, աղավաղումներ, և նախնական «տեքստում», հաղորդման մեջ գրանցված փորձը, շղթայի բոլոր օղակներով անցնելով և իր վերջնակետին հասնելով` այլևս կիրառելի չէր, առավել ևս` սերնդեսերունդ փոխանցման դեպքում:
- Առարկայական պատկերագիր (պիկտոգրամ)` իմաստավորված հաղորդում առարկաների միջոցով, օրինակ` Դարեհ I-ին ուղարկված չորս առարկաները, իրոկեզների կողմից օգտագործվող վամպումը կամ մեր ժայռապատկերները: Սակայն սրանք նույնպես ունեին որոշակի խնդիրներ: Նույն հաղորդումը հնարավոր էր մեկնաբանել լրիվ տարբեր ձևերով: Բացի այդ, պատկերագրերը ցույց էին տալիս շատ կոնկրետ հասկացություն, որը սահմանափակում էր հաղորդակցվելու հնարավորությունը:
- Գաղափարագիր (իդիոգրամ). այս մակարդակում խոսքը ոչ միայն կոնկրետ առարկաներ, իրեր, այլ նաև վերցական հասկացություններ ցույց տալու մասին է: Եթե պատկերագրում «ականջ» պատկերը նշանակում է հենց կոնկրետ «ականջ» մարմնի մաս, ապա գաղափարագրում այն կարող է նշանակել սուր լսողություն: Սակայն մնում էր մի խնդիր. պատկերները չէին արտացոլում բանավոր խոսքի հոսքը: Անհրաժեշտ էր գտնել ավելի մանր միավոր:
- Վանկագրություն. յուրաքանչյուր նշան ցույց էր տալիս մեկ վանկ: Սակայն եթե վանկում կար մեկից ավելի բաղաձայն, այդ վանկը չէր աշխատում:
- Գիր. գտնվեց այն մանր միավորը, մինիմալ նշանը, որն անհրաժեշտ էր բանավոր և գրավոր խոսքի համընկման համար:
Գրերի ստեղծումը կարելի է համարել մարդկության հսկայական թռիչք: Ստեղծելով նշանային համակարգ` մարդը բարձրացավ բացարձակ վերացական մտածողության մակարդակի: