«Ընթերցողի դերը» էսսեների ժողովածուի ծավալուն նախաբանում Ումբերտո Էկոն ներկայացնում է իր վերաբերմունքը հեղինակին, ընթերցողին, տեքստի մեկնաբանությանը։ Նախաբանի առաջին իսկ ենթագլուխը բավականին խոսուն վերագիր ունի՝ «Ինչպես ստեղծել տեքստերը ընթերցելով դրանք», որտեղ նա խոսում է այնպիսի տեքստերի մասին, որոնք կարող են ոչ միայն ազատորեն և տարբեր եղանակներով մեկնաբանվել, այլև ստեղծվել ընթերցողի հետ համագործակցությամբ, համահեղինակությամբ, այսինքն՝ համաստեղծվել ընթերցողի հետ միասին։ Նման տեքստերը բավականին ճկուն և փոփոխվող տեքստերի տեսակ են, և բնականաբար առաջ է գալիս դրանց հաղորդակցական բաղադրիչը հետազոտելու խնդիրը, որը չի կարող լուծվել, եթե հաշվի չառնել այն հանգամանքը, որ հասցեատերերի դերը նախատեսվում է հենց տեքստի ստեղծման ընթացքում։
Ի պատասխան ստրուկտուրալիստների այն մեղադրանքին, թե տեքստի ներքին կառուցվածքն արդեն իսկ տալիս է այն հասկանալու բոլոր հնարավորությունները, և որ ցանկացած արտաքին ներխուժում քանդում է տեքստի այդ կարծր բյուրեղը, Էկոն նշում է, որ անգամ ստրուկտուրալիզմի տեսանկյունից հնարավոր չէ ժխտել ցանկացած հաղորդակցական ակտ հասկանալու համար անհրաժեշտ բաղադրիչները՝ տեքստն ուղարկողը, տեքստը ստացողը և այն համատեքստը, որում տեղի է ունենում այդ հաղորդակցությունը։
Ինչ վերաբերում է տեքստի միավորների իմաստային բաղադրիչին, ապա այն կարող է թաքնված լինել, չլինել տեքստի մակերեսային, գծային հարթության լեզվական մակարդակում, սակայն կարող է հաշվի առնել ընթերցողի որոշակի կարողությունները, գիտելիքները։ Եթե տեքստը ստեղծողը կանխատեսում է, իր գլխում պահում է այն ընթերցողին, որն ունի այդ կարողությունները, մասնավորապես՝ ինտերտեքստուալ (մի տեքստը մյուսի հետ կապելու) կարողունակություններ, ուրեմն կարելի է պնդել, որ դա ի սկբանե եղել է հեղինակի տեքստաստեղծման ռազմավարությունը, եղել է տեքստը ստեղծողի մտադրությունը։
Այսպիսով ստացվում է, որ կան տեքստեր, որոնք ոչ միայն ենթադրում են ընթերցողի ակտիվ մասնակցությունն ու համահեղինակությունը, այլև իրենք են ստեղծում այնպիսի նախադրյալներ, որոնք ընտրության հնարավորություն են տալիս ընթերցողին։ Բնականաբար, այդ ընտրությունը անսահման չէ, պնդում է Էկոն, բայց ակնհայտորեն մեկից ավելի է, և հենց այդպիսի տեքստերն է նա անվանում բաց տեսակի տեքստեր։ Ընթերցողին տեքստի համահեղինակ անվանելն ամենևին չի նշանակում, որ դրանով պղծվում է տեքստի կառուցվածքային վերլուծությունը։ Բաց տեքստը երկխոսություն է ուղարկողի և ստացողի միջև, յուրահատուկ խաղ։