Ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս սպանեց հեղինակին: Այս հարցը մոտ կես դար առաջ` 1960-ականներին, առաջ քաշեցին Միշել Ֆուկոն` ֆրանսիական փիլիսոփայական ընկերությանը ներկայացրած իր հանրահայտ զեկույցում, և Ռոլան Բարտը` մեծ աղմուկ հանած «Հեղինակի մահը» էսսեում:
Բարտն իր էսսեում նշում է, որ հեղինակի կերպարը պատկանում է համեմատաբար նոր ժամանակներին. ամենայն հավանականությամբ այն ձևավորվել է հետմիջնադարյան շրջանում, երբ հասարակությունը սկսել է բացահայտել անհատի արժեքը: Այդ ժամանակից ի վեր` հեղինակի կերպարը տիրել է գրականության, պատմության դասագրքերում, գրողների կենսագրություններում, հարցազրույցներում, արմատավորվել է գրողների գիտակցության մեջ. նրանք փորձել են մեկտեղել իրենց անձը և ստեղծագործությունը: Գրականությունը կենտրոնացել է հեղինակի կյանքի մանրամասների, ճաշակի և կրքերի վրա` ստեղծագործության բացատրությունը փնտրելով այն ստեղծող մարդու կերպարի մեջ:
Իսպանացի փիլիսոփա և հասարակագետ Խոսե Օրտեգա ի Գասետն ասել է` «Կյանքը մի բան է, պոեզիան` մեկ այլ: Պետք չէ դրանք խառնել. բանաստեղծը սկսում է այնտեղ, որտեղ վերջանում է մարդը, մեկի բախտն իր մարդկային ճանապարհով գնալն է, մյուսի առաքելությունը` գոյություն չունեցողը ստեղծելը»: Բարտը կարծես թե շարունակում է այս միտքը` վերանայելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գիրը, ընթերցողը, հեղինակը, հեղինակի խնդիրները և կապը ստեղծագործության հետ: Բարտը պնդում է, որ ժամանակակից լեզվաբանությունն արդեն իսկ տրամադրել է այն կարևոր գործիքները, որոնց շնորհիվ հեղինակի անձը կարելի է քանդել: Արտահայտությունը հոյակապ ձևով կատարվում է ինքն իրեն, կարիք չկա այն լցնելու խոսողների անձին վերաբերող բովանդակությամբ:
Այդ դեպքում ո՞վ է հեղինակը: Հեղինակը ընդամենը գրիչն է (սկրիպտոր), նա, ով գրում է: Բացատրելով, թե ինչու է այդ գրիչն իր գործն անելուց հետո փոքրանում, հեռանում ժամանակի մեջ, նա տալիս է հետևյալ հիմնավորումը. նրանք, ովքեր հավատում են հեղինակի անհերքելի գոյությանը, ներկայությանը, համարում են, որ հեղինակը նախորդում է իր գրքին. մինչև գիրքը գրելը հեղինակը հղի է այդ գրքով, մտորում է, տառապում է, ապրում է այդ գրքով և հանուն այդ գրքի, սպասում է դրա ի հայտ գալուն, ինչպես ծնողն է սպասում իր երեխայի ծնվելուն: Իսկ ժամանակակից գրողը` սկրիպտորը, ծնվում է տեքստի հետ միաժամանակ, նա գոյություն չունի մինչև գրելը կամ գրելուց դուրս, չկա «մինչևը», և չկա «հետոն», մնում է միայն մեկ ժամանակ` խոսողական ակտի ժամանակը: Ցանկացած տեքստ գրվում է այստեղ և այժմ: Ստեղծագործության միջոցով խոսում է ոչ թե հեղինակը, այլ` լեզուն: Բարտը նշում է` «Մի՛ ողբացեք հեղինակ մահը, որովհետև հեղինակի մահն ազդարարում է ընթերցողի ծնունդը»: