Play Video

Եթե ամեն ինչ տեքստ է, ի՞նչ է խոսույթը: Արդյո՞ք խոսույթ բառն առօրյայում նույն իմաստով է գործածվում, և արդյո՞ք այդ իմաստը համադրելի է այն սահմանումների հետ, որոնք օգտագործվում են մասնագիտական տիրույթում: Լեզվաբանական եզրերն առօրյա կյանքում օգտագործվող բառերից և հասկացություններից տարբերվում են նրանով, որ ստեղծվել են որոշակի ելակետից, սկզբնապատճառից, և հենց այդ հանգմանքն են հաշվի առնում մասնագետները, երբ օգտագործում են այս կամ այն եզրը այս կամ այն համատեքստում: Միևնույն ժամանակ երբ լեզվի եզրերը, միավորները հայտնվում են որևէ գիտական տիրույթում, հիմնականում որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դրանք իրենց համար ճանապարհ բացեն և հաստատվեն: Երբ այդ եզրերը սկսում են օգտագործվել տերմինաբանական մշակույթից դուրս տարածքներում, հաճախ վերաիմաստավորվում են և կորցնում իրենց սկզբնիմաստը, ներքին ձևը:

Հավանաբար խոսույթի հանրայնացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ եզրը մինչ օրս չի ստացել այնպիսի սահմանում, որը հավասարաչափ ընդունելի կլինի բոլորի կողմից, ինչի արդյունքում կիրառվում է տարբեր իրավիճակներում` ասես հարմարվելով դրանց: Խոսույթի վերլուծության ֆրանսիական դպրոցը ներկայացնող ժողովածուի ներածականում շվեյցարացի լեզվաբան Պատրիկ Սերիոն առաջարկում է այդ եզրի մոտավորապես ութ սահմանում` հատուկ նշելով, որ դա դեռ ամենը չէ: Գիտական տիրույթում խոսույթի հաստատման այս միջանկյալ, ժամանակավոր գործընթացը մատնանշում է գիտական հարացույցում տեղի ունեցող որոշակի մեթոդաբանական փոփոխություններ: Թեև ստրուկտուրալիզմի և պոստստրուկտուրալիզմի միջև ծավալված պայքարի արդյունքում փիլիսոփայության, գրականագիտության, նշանագիտության գիտակարգերում միանգամայն նկատելի դարձավ ստրուկտուրալիզմի հիերարխիկ մոտեցումից հրաժարվելու միտումը, լեզվաբանությունն այդ հարցին լրջորեն անդրադարձավ շատ ավելի ուշ` 1990-ականների կեսից սկսած:

Ֆերդինանդ դը Սոսյուրը «վերևից իջեցրեց» լեզու-խոսք զույգը: Հետագայում այդ ավանդական հակադրության միջև հայտնվեց մի նոր անդամ, քանի որ պահանջ առաջացավ սահմանելու մի երևույթ, որը կլիներ խոսքից ավելի խոսքային` հստակեցված և սոցիալական բովանդակությամբ լի, բայց միևնույն ժամանակ նաև վերլուծելի ավանդական լեզվաբանական գործիքակազմի միջոցով, ավելի լեզվական: Ըստ Նինա Հարությունովայի սահմանման` խոսույթը կյանքի մեջ սուզված խոսքն է, ինչը նույնպես բավականին ընդհանրացված սահմանում է:

Դիտեք նաև՝

Search