Play Video
13. Տեքստ և կառուցվածք | Նունե Դիլանյան

1960-ականներին պարզ դարձավ, որ հումանիտար միտքը զիջում է բնագիտականին մտքին, և այդ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտություն առաջացավ հումանիտար միտքը նկարագրական մակարդակից տեսական մակարդակի հասցնելու։ Այդ շրջանում առաջ եկավ կառուցվածքաբանություն (ստրուկտուրալիզմ) ուղղությունը։

Ֆրանսիական կառուցվածքաբանության հայր համարվող Կլոդ Լևի-Ստրոսն առաջինը կիրառեց լեզվաբանական վերլուծության գործիքակազմը՝ ոչ լեզվական նյութն ուսումնասիրելու համար, և ձևակերպեց հիմնարար տեսություն, համաձայն որի՝ մշակույթն իր կառուցվածքով նման է լեզվի կառուցվածքին։

Լեզվաբանության շրջանակներում կառուցվածքաբանությունը ճյուղավորվեց, բաժանվեց տարբեր ուղղությունների՝

  • Պրահայի լեզվաբանության դպրոց
  • Ամերիկյան ստրուկտուրալիզմ
  • Կոպենհագենյան կառուցվածքաբանության դպրոց
  • Լոնդոնի լեզվաբանական դպրոց

Այս տարբեր ուղղությունների միջև, բնականաբար, կային նաև որոշ ընդհանրություններ։ Օրինակ՝ այն, որ լեզուն համակարգ է, իսկ ցանկացած համակարգ ունի իր կառուցվածքը։ Կառուցվածքաբանության շրջանակում կառուցվածք հասկացությունը սահմանվում է որպես իրականում գործող, գոյություն ունեցող մտածողության ձև, մտքի շարժը ապահովող սխեմա, որն արմատավորված է մարդու գիտակցության ստորին՝ անգիտակցական շերտում։ 

Տեքստի կառուցվածքը սահմանվում է որպես առանձին տարրերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների համակարգ։ Համակարգի յուրաքանչյուր տարրի դիրքը պայմանավորված է ընդհանուր միասնականությամբ, ինչը նշանակում է, որ կառուցվածքային օրենքները վերաբերում են ոչ թե փոփոխություններին, այլ տարրերի համագոյությանը, համակեցությանը։ Կառուցվածքն այն իրականն է, որն ընկած է իմաստի մակերեսային կամ թվացյալ հարթության հիմքում։ 

Այսպիսով, կառուցվածքաբանության մեթոդաբանության հիմքում ընկած են երկու կարևոր սկզբունքներ․

  1. Հումանիտար մտքի օբյեկտների բացատրությունը պետք է փնտրել դրանց կառուցվածքում։
  2. Կառուցվածքը պետք է դիտարկել որպես անգիտակցական էություն, երևույթ։

Դիտեք նաև՝

Search