Ջոն Օսթինի` խոսողական ակտերի տեսությունը զարգացրեց և մանրամասնեց նրա աշակերտ` Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջոն Սըրլը: «Ինչ է խոսողական ակտը» հոդվածում նա անդրադառնում է Օսթինի առաջարկած իլոկուտիվ ակտերին և բերում է դրանց հետ կապված բայերի օրինակներ` շարադրել, պնդել, մեկնաբանել, հրամայել, քննադատել, ողջունել, խոստանալ և այլն: Բացատրելով, թե ինչու է նա կարևորում խոսողական ակտի ուսումնասիրությունը, Սըրլը պնդում է, որ հաղորդակցության նվազագույն միավորը ոչ թե բառն է կամ նախադասությունը, անգամ` լեզվական նմուշը, այլ այդ ամենը արտադրելու գործընթացը: Ըստ նրա` հենց իլոկուտիվ ակտն է հանդես գալիս որպես լեզվական հաղորդակցության նվազագույն միավոր: Սըրլը կարևորում է երեք հասկացություն` օրենք, դատողություն և նշանակություն:
Սըրլը տարբերակում է երկու տեսակի օրենքներ`
- Ռեգուլատիվ օրենքներ, որոնք կարգավորում են այնպիսի միջանձնային հարաբերություններ, որոնք եղել են մինչև այս օրենքների ստեղծումը: Այսինքն` կա հաղորդակցության փորձ, որն ուսումնասիրվում է, ընդհանրացվում, և դրա հիման վրա ստեղծվում են օրենքներ, որոնք արդեն կանոնակարգում են նմանատիպ բոլոր խոսողական ակտերը:
- Կոնստիտուտներ` օրենքներ, որոնք ստեղծվում են մինչև իրողության, այդ թվում` լեզվական ակտի իրականացումը: Եթե այդպիսի օրենքները չլինեն, իրողությունը պարզապես չի կարող տեղի ունենալ: Օրինակ` երբ շախմատում ասվում է «մատ», դա հասկանալի է դառնում խոսողական ակտի մասնակիցների համար, որովհետև նախապես որոշվել է, թե որ դեպքում է քայլը համարվում մատ:
Դատողությունների կապակցությամբ Սըրլը բերում է հետևյալ օրինակները`
Ջոնը դո՞ւրս կգա սենյակից:
Ջոնը դուրս կգա սենյակից:
Ջո՛ն, դո՛ւրս գնա սենյակից:
Երևի Ջոնը դուրս կգա սենյակից:
Եթե Ջոնը դուրս գա սենյակից, ես նույնպես դուրս կգամ:
Գիտնականը նշում է` երբ մենք արտասանում ենք այս նախադասությունները որոշակի իրավիճակում, սովորաբար կատարում ենք տարբեր իլոկուտիվ ակտեր` հարց, կանխատեսում, խնդրանք կամ կարգադրանք, ցանկության արտահայտում, հնարավոր մտադրության արտահայտում: Միևնույն ժամանակ խոսողն այս բոլոր նախադասությունների համար իրականացնում է մեկ ընդհանուր, լրացուցիչ խոսողական գործողություն. հղում է անում նույն անձին` Ջոնին, և նրան վերագրում նույն գործողությունը: Հենց այդ ընդհանուր բովանդակությունն էլ նա անվանում է դատողություն:
Նշանակությանն անդրադառնալիս, Սըրլը ցույց է տալիս նշանակության միջոցով դրսևորվող իմաստները` վերլուծելով «խոստում» կոչվող իլոկուտիվ ակտը և առաջարկելով դիտարկել այն բոլոր բավարար պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այդ ակտը տեղի ունենա և որպեսզի հաղորդակցությունը չխափանվի: