Ընդգծելով լեզվի դրսևորման խաղային բնույթը և շրջանառության մեջ դնելով լեզվական խաղ հասկացությունը` Լյուդվիգ Վիտգենշթայնը տեսանելի դարձրեց այն փաստը, որ հաղորդակցությունը մարդու կյանքի ձևերից մեկն է: Հիմնվելով նրա գաղափարների վրա` մի շարք գիտնականներ, մասնավորապես` օքսֆորդյան դպրոցի ներկայացուցիչները, լրջորեն անդրադարձան ամենօրյա խոսքի առանձնահատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտությանը: Լեզվաբանական հետազոտությունների կենտրոնում հայտնվեց մարդ հաղորդակցվողը, և հաղորդակցությունը սկսեց ընկալվել որպես գործ: Բրիտանացի փիլիսոփա Ջոն Օսթինն առաջարկեց խոսողական ակտ հասկացությունը:
Գործունեականության այս բաղադրիչը թույլ տվեց ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակը, և արդյունքում լեզվաբանության մեջ ծնվեց մի նոր ուղղություն` պրագմատիկան, որն աշխարհը սկսեց դիտարկել` որպես հաղորդակցության համար անհրաժեշտ իրավիճակ և պայմաններ ստեղծող միջավայր: Լեզվաբանությունը սկսեց թափանցել այլ ոլորտներ և հետաքրքրվել նաև արտալեզվական` հոգեբանական, սոցիալական, մշակութաբանական տվյալներով:
Պրագմատիկան փորձում է պատասխանել հետևյալ հարցին` «Ի՞նչ ենք ցանկանում ասել` օգտագործելով այս կամ այն արտահայտութունը»: Առաջ է քաշվում նպատակային գործոնը, բայց նաև շատ կարևոր են դառնում նպատակի իրականացման պայմանները, քանի որ արդյունավետությունը նաև դրանցից է կախված: Առաջին հայացքից կարող է թվալ, թե լեզուն առանձնապես չի փոխում իրականությունը, այլ ընդամենը գրանցում է իրերի դրվածքը: Ջոն Օսթինը կտրականապես մերժում է այդ մոտեցումը:
«Ուրիշի գիտակցություն» աշխատության մեջ նա ներկայացնում է այն արտահայտությունները, որոնք ինքնին հանդես են գալիս որպես գործողություններ: Լեզվական այդպիսի արտահայտությունները նա անվանում է պերֆորմատիվներ, իսկ նկարագրական էություն ունեցող միավորները` կոնստատիվներ: Եթե վերջիններիս դեպքում կարելի է գործածել «ճշմարիտ է/ճշմարիտ չէ» ձևակերպումները, ապա պերֆորմատիվների դեպքում կարելի է խոսել միայն խոսողական գործողության արդյունավետության աստիճանի մասին: Օսթինն էստ էության բացառում է մաքուր նկարագրական արտահայտությունների գոյությունը: Նա առանձնացնում է երեք տեսակի խոսողական ակտ`
- Լոկուտիվ` ինքնին խոսելու ակտը, նախնական տեղադրումը: Օրինակ` «Եղբայրս ասաց ինձ, որ կարդամ այս գիրքը»:
- Իլոկուտիվ` արտալեզվական նպատակի տեսանկյունից դիտարկվող ակտը: Օրինակ` «Եղբայրս հորդորում էր ինձ կարդալ այս գիրքը»:
- Պերլոկուտիվ` խոսելու միջոցով նպատակին հասնելը: Օրինակ` «Եղբայրս համոզեց ինձ կարդալ այս գիրքը»: