Play Video
10. Տեքստ, և մարդ, և աշխարհ (մաս 2) | Նունե Դիլանյան

Գյուղական դպրոցում աշխատելու տարիներին Լյուդվիգ Վիտգենշթայնը, հետևելով երեխաների խաղերին և դրանց ժամանակ երեխաների օգտագործած արտահայտություններին, գալիս է այն եզրակացության, որ լեզուն և կյանքը համընկնում են, լեզուն ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզ կենսակերպ, որն ունի խաղային բնույթ: Իսկ լեզվի դենոտատը` այն, ինչին հղում է լեզուն, ոչ թե աշխարհի փաստերն են, այլ գործողությունները:

Լեզվական խաղ Վիտգենշթայնն անվանում է հետևյալ միասնությունը` լեզուն և այն գործողությունները, որոնց հետ լեզուն միահյուսված է: Նա նշում է, որ այն ամենը, ինչ մենք անվանում ենք նշան, բառ, նախադասություն, կիրառման բազմաթիվ ձևեր ունեն և կոնկրետանում են միայն համատեքստերի շնորհիվ: Միևնույն ժամանակ գիտնականը նշում է, որ լեզվական խաղերը մեկնընդմիշտ տրված, քարացած համակարգ չեն, դրանք զարգանում են, ժամանակ առ ժամանակ հայտնվում են նորերը, հները դադարում են ակտուալ լինելուց և աստիճանաբար մոռացության են մատնվում: Լեզվական խաղ եզրը շեշտում է մի կարևոր բան` որևէ լեզվով խոսելը լեզվագործունեություն է, կենսակերպ:

Իր գիտական պեղումների ավելի ուշ շրջանում Վիտգենշթայնը գալիս է եզրակացության, որ գոյություն ունեն իմաստների բազմաթիվ համատեքստեր: Հենց դա էլ նա անվանում է լեզվական խաղ` հաղորդակցության որոշակի կազմակերպված համակարգ, որն էլ հենց պատասխանատու է հաղորդակցության արդյունավետության համար, քանի որ գործում է որոշակի կանոնների համաձայն, ընդ որում` այս կամ այն իրավիճակին համապատասխանում են այս կամ այն կանոնները: Լեզվական խաղը հնարավոր է դառնում միայն հաղորդակցության մեջ, միայն հաղորդկացության շնորհիվ և միայն հանուն հաղորդակցության:

Օրինակ` շինարարության ժամանակ վարպետը, դառնալով բանվորներից մեկին, ասում է` «սալաքա՛ր» կամ «գերա՛ն», և բանվորն առանց հապաղելու նրան տալիս է համապատասխան առարկան: Նա չի սկսում նկարագրել գերանը, բացատրել, թե դա ինչ է նշանակում, նա ադեկվատ քայլի է դիմում` գնում և բերում է պահանջվող առարկան, որովհետև դա է թելադրում իրավիճակը: Ընդհանուր գիտելիքի, ընդհանուր փորձի, կանոնների ընդհանուր իմացության շնորհիվ բանվորը հասկանում է ինչպես վարվել այդ հաղորդակցության ընթացքում: Այլ իրավիճակում կոնկրետ այս լեզվական խաղը չէր աշխատի:

Լեզվական խաղերի շնորհիվ Վիտգենշթայնը լեզվագործունեության մակարդակում վերաիմաստավորում է նշանի և նշանակության հարաբերությունները` ասելով, որ նշանակությունն այլևս նշանի օբյեկտին համապատասխանելը չէ, բառի նշանակությունը դրա լեզվական կիրառումն է: Փիլիսոփայական հետազոտություններում նա տրամաբանական տիրույթից տեղափոխվում է լեզվական տիրույթ:

Դիտեք նաև՝

Search