🔹Ո՞ր լեզվից է փոխառված հայոց հնագույն ամսանունների զգալի մասը։
🔹 Արդյո՞ք հայոց բոլոր ամսանունների ծագումնաբանությունն է ճշտված։
🔹 Արդյո՞ք հնարավոր է հստակ որոշել այն ճշգրիտ օրը, երբ սկսվել է տարին հնագույն ժամանակներում։
🔹Մեզ հայտնի տասներկու ամիսները արդյո՞ք հնդեվրոպական մայր լեզվում էլ են նույն կառուցվածքով վկայված եղել։
🔹 Ի՞նչ է նշանակում «Նավասարդ», ո՞ր լեզվից է ծագում, և ի՞նչ այլ՝ ոչ գիտական ստուգաբանություններ կան այս ամսանվան հետ կապված։
🔹 Ի՞նչ է նշանակել պարթևական «սարդ» արմատը, հայերենում էլ ո՞ր բառերում է հանդիպում, և միջին ու նոր պարսկերենում ի՞նչ հնչյունական փոփոխություն է կրել այն։
🔹 Տոնի անունից ծագող ամսանուններ․ հայերենի բարբառներում ինչպիսի՞ օրինակներ կան։
🔹Ի՞նչ ավանդույթով է զուգակցվել Նոր տարվա ծեսը՝ ըստ Արտաշես թագավորի վերջին բաղձանքի մասին Գրիգոր Մագիստրոսի վկայած վիպասանական հատվածի։
🔹Նոր տարվա ծեսը տոնելու մասին ի՞նչ զուգահեռներ կան հայկական, հունական և կելտական ավանդույթներում։
🔹 Ինչո՞ւ է անտրամաբանական, որ դեկտեմբեր ամիսը եղած լինի տարվա վերջին ամիսը հնագույն ժամանակներում։ Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ ինչպե՞ս է կոչվել տարվա վերջին օրը։
🔹 «Հոռի» և «Սամի» ամսանունների ծագման մասին ի՞նչ հավանական տեսակետ կա։
🔹Ստուգաբանական ի՞նչ փաստեր կան «Տրե» կամ «Տրեկան» ամսանվան հետ կապված։
🔹«Քաղոց» և «Արաց» ամսանունների ծագման վերաբերյալ ի՞նչ վարկածներ կան, ի՞նչ է գրում այդ մասին Հր․ Աճառյանը, ժամանակակից ո՞ր ամիսներին են ժամանակագրորեն համապատասխանում այս ամսանունները։
🔹 Հնդեվրոպական ո՞ր արմատից է ծագում «քաղել» բայը, հունարեն ո՞ր բայն է համապատասխանում դրան։
🔹 Ի՞նչ ծագում ունի «Մեհեկան» ամսանունը, ինչպե՞ս ենք հասկանում, որ մեհեկանը աշնանային ամիս է եղել։
🔹 Ի՞նչ տվյալներ կան «Արեգ» և «Ահեկան» ամսանունների ծագումնաբանության վերաբերյալ։
🔹 Ի՞նչ հիշատակություններ կան հայկական մատենագրության մեջ «Մարերի» ամսանվան մասին։ Ի՞նչ ստուգաբանություն ունի այս ամսանունը։
🔹Ի՞նչ ծագում ունի «Մարգաց» ամսանունը, «մարգ» արմատը հայերեն էլ ո՞ր բառերում է արտացոլվել։
🔹Ի՞նչ է նշանակում «Հրոտից» ամսանունը իրանական լեզուներում։ Տարբեր ավանդույթներում ինչերո՞վ է նշանավորվել տարվա վերջը։
Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:
Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։