Հակոբ Մովսեսը, 1992թ.-ին լույս ընծայելով բանաստեղծությունների իր վերջին ժողովածուն, այլևս չի ստեղծագործում մինչև 2006թ.: Այս երկար ընդմիջումից հետո միայն 2006թ.-ին լույս է տեսնում նրա նոր ժողովածուն: Ըստ էության, այս լեզվապաշտ բանաստեղծները, որոնք ոգու դեգերումների մասին են արձանագրում, անկախության այս խառնաշփոթի մեջ չկարողացան գտնել բանաստեղծության իրենց ասելիքը:
60-ականների սերունդը առանձնանում է գրականություն բերած անբանաստեղծականությամբ, ժամանակային ընկալման նոր մոտեցմամբ և բանաստեղծական նոր հերոսի կերտմամբ: Ժամանակային ոչ միագիծ ընկալումը թույլ է տալիս հասկանալ այս հեղեղային վիճակի խառնաշփոթությունը, ճիշտ գնահատել և կողմնորոշվել: Բանաստեղծության հերոսը, որը մինչ այդ տիեզերքի կենտրոնում կանգնած հեղինակն էր, ով կարծես ամեն ինչ գիտեր, հանկարծ փոխարինվեց խրուշչովյան բնակարանում նստած ինչ-որ փոքր մարդու կերպարով, որը ունի բազմաթիվ խնդիրներ: Առաջ եկավ փոքր մարդու կերպարը: Ամբողջովին կոտրվեց բանաստեղծության այդ վսեմաշուք հերոսի կերպարը: Բանաստեղծության հերոս դարձավ սոցիալապես ծանրաբեռնված հերոսը: Չկար մի բանաստեղծ, որ 90-ականների մութ և ցուրտ տարիների մասին բանաստեղծություն չունենար: