Մարդկանց մի խմբի համար պրոբլեմը լուրջ փորձություն է։ Մյուս խումբը պրոբլեմը դիտարկում է որպես դրական, ուսուցողական մարտահրավեր և ձեռնամուխ է լինում դրա լուծմանը՝ համարելով դա ստեղծագործական գործընթաց։
Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնց համաձայն՝ պրոբլեմների լուծումը մարդու մտքի համար առողջ սնունդ է, որովհետև դրա ընթացքում մարդիկ լարում են իրենց միտքը, զարգացնում քննադատական մտածողությունը և դառնում են ավելի նորարար։ Պրոբլեմներ լուծելիս մարդիկ նաև զարգացնում են այլ, կողմնակի հմտություններ՝ մանրամասներին ուշադրություն դարձնելը, զուգահեռների անցկացումը և այլն։
Պրոբլեմները լուծելիս պետք է առաջնորդվել փուլային տարբերակով։
Փուլ 1՝ Ճանաչել և հասկանալ պրոբլեմի էությունը և գտնել դրա հիմնարար պատճառները։ Այս գործընթացը բավականին բարդ է, և եթե այստեղ մարդիկ սխալվեն, ապա ամբողջ գործընթացը կարող է գնալ սխալ ուղղությամբ։ Ինչպես ասում էր Ալբերտ Այնշթայնը․ «Եթե ես պետք է մեկ ժամում որևէ պրոբլեմ լուծեմ , ապա առաջին 55 րոպեն տրամադրում եմ պրոբլեմի էությունը հասկանալուն և միայն վերջին 5 րոպեն՝ լուծումներ առաջ քաշելուն»։
Փուլ 2՝ Պրոբլեմը բաժանել մասերի։ Սա հատկապես օգտակար է, եթե գործ ունենք բարդ խնդրի հետ, և մեկ փորձով հնարավոր չէ պարզել դրա բոլոր բաղադրիչները։ Պրոբլեմը մասերի բաժանելով՝ հնարավոր է դառնում որոնել ու գտնել դրա առանձին լուծումները։ Այս փուլում ողջունելի է պրոբլեմի պատկերման ցանկացած տարբերակ՝ նկար, աղյուսակ կամ այլ միջոց։
Փուլ 3՝ Պարբերաբար ստուգեք՝ արդյոք պրոբլեմի լուծման ճիշտ ճանապարհով եք ընթանում, թե պայքարում եք նրա հետևանքների, այլ ոչ հիմնարար պատճառների վերացման համար։
Փուլ 4՝ Ո՞վ է լուծելու պրոբլեմը։ Եթե արդեն գտել եք պրոբլեմի հիմնական պատճառը, կարողացել եք տարանջատել առաջնայինը երկրորդականից, ապա պետք է հասկացաք՝ միգուցե դո՞ւք չեք այդ պրոբլեմի լուծման հիմնական հասցեատերն ու դերակատարը։ Սա շատ կարևոր է, որովհետև հաճախ մարդիկ վերցնում են պրոբլեմի լուծման պատասխանատվությունը՝ չգիտակցելով, որ դա իրենց տիրույթում չէ։
Փուլ 5՝ Առաջարկել լուծումներ պրոբլեմի առանձին մասերի համար։ Այս փուլում չի բացառվում, որ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու և այլ անձանց/դերակատարներ ներգրավելու կարիք կլինի։ Պրոբլեմի առանձին մասերի բոլոր հնարավոր լուծումները դուրս բերելուց և դրանք ֆիլտրելուց հետո նաև անհրաժեշտ է հավաստիանալ, որ դրանք փոխկապակցված ու փոխլրացնող են և իրենց հաջորդականությամբ և տրամաբանությամբ ծառայում են պրոբլեմի ընդհանուր լուծմանը։ Դրանից հետո փորձենք հասկանալ՝ արդյոք մեր ունեցած ռեսուրսները, գիտելիքները, հնարավորությունները և կապերը որքանով են մեզ օգնում շարժվելու այդ պրոբլեմի լուծման ուղղությամբ։
Շատ կարևոր է, որ մարդիկ ընթացքում մշտադիտարկեն իրենց առաջ քաշած լուծումները, գնահատեն՝ ուր են հասել, ինչպես են շարժվելու առաջ և որոնք են քաղված դասերը։ Եւս մի կարևոր նրբություն՝ պետք չէ համարել, որ բարդ խնդիրները պետք է պարտադրաբար նույնքան բարդ լուծումներ ունենան․ հաճախ հենց պարզ լուծումներում են թաքնված գաղտնիքները։
Պետք չէ՛ վախենալ պրոբլեմներից․ դրանց լուծման գործընթացը մարդուն դարձնում է ավելի նորարար, ստեղծագործ և նաև ավելի մրցունակ՝ հետագայում իր կյանքի բոլոր ասպարեզներում։
Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: