Մտավորականության կոչումը հասարակությանն ավելի ռացիոնալ դարձնելն է:
Մաքս Վեբեր
Խորհրդային Հայաստանը իր վաղ շրջանում եղել է մի տարածք, որից առաջ համարյա ոչինչ չկար: Այսինքն՝ դրանից առաջ եղել է ցեղասպանությունը և Հայաստանի առաջին հանրապետության շատ կարճատև գոյությունը, որը հազիվ հասցրեց 1/2 տարվա ընթացքում մի փոքր կազմակերպել իր պետական և հասարակական կյանքը, ինչից հետո բազմաթիվ ներքին և արտաքին պատճառներով փլուզվեց:
20-ական թվականների խորհրդահայ մտավորականությունը դրսում՝ Գերմանիայում, Սանկտ Պետերբուրգում, կրթություն ստացած մտավորականությունն էր. մարդիկ, որոնք աշխարհի մասին շատ ավելի բան գիտեին և այդ պատճառով նրանց հայացքներն ավելի լայն էին: Սակայն, երբ այդ սերունդը շարքից դուրս է գալիս, սկսվում են բռնաճնշումները, որոնց զոհ են գնում շատ կարևոր և դարակազմիկ դեմքեր՝ Խանջյանը, Չարենցը, Բակունցը, Մահարին է երկար ժամանակ ասպարեզից դուրս գալիս. երկիրը փակվում է: Մնացածը, ովքեր արդեն հետագայում ձևավորվում են որպես նոր մտավորականություն և ասպարեզ են մտնում 50-ականներին, արդեն Խորհրդային Միության շրջանակներում կրթություն ստացած մարդիկ են և նրանց ամբողջ աշխարհայացքը կապված էր Խորհրդային Միության հետ: Այստեղ մենք ունենք այնպիսի կարևոր հեղինակներ, ինչպիսիք են Սևակը, Շիրազը, Կապուտիկյանը: Մտավորականության այս շերտն արդեն սկսում է արծարծել ավանդական ազգայնական հարցեր և առաջանում է ավանդական ազգայնականությունը:
Եղեռնի հարցը, որպես պետական մարմինների թեմա, պաշտոնական դիսկուրսի մեջ է մտնում 1965թ.-ի ապրիլի 24-ի ցույցից հետո, որը Խորհրդային Միության համար բացարձակ ցնցող բան էր: Այդ ցույցը, հավանաբար, ամբողջ Խորհրդային Միության պատմության մեջ եղած առաջին ցույցն էր, որն ինքնաբուխ էր ու արտոնված չէր վերևից: Հայաստանի խորհրդային ղեկավարությունը ցնցվեց այս իրադարձությունից: Հարց առաջացավ՝ ի՞նչ անել սրա հետ, ճնշե՞լ, հորդրոել, որ չանե՞ն: Երկու-երեք տարի անց նրանք հասկացան, որ այն ոչ թե պետք է ճնշել, այլ՝ օգտագործել: 1965-ին տեղի ունեցավ այդ ցույցը, իսկ 1968-ին բացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: