Play Video
Հոգևոր և մշակութային անվտանգություն | Աշոտ Ոսկանյան

Թե՛ հոգևորը, թե ՛ մշակութայինը ենթադրում են անընդհատ շարժում, անընդհատ յուրացում, որի ընթացքում ինքդ քեզ փոխում ես, ինքդ քեզ ձևավորում ես։ Անվտանգության համատեքստում դիտարկելիս հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող ենք պահպանել և փոխանցել չընդհատվող փորձառության արդյունքում կուտակված մշակութային գանձերը։ Խոսքը միայն մշակույթի նյութական կրողների՝ մագաղաթյա գրքերի, եկեղեցական զարդանշանների, հին առարկաների պահպանման մասին չէ։

Առավել կարևոր իմաստով՝ պահպանել նշանակում է շարունակել հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ինչպես Օսվալդ Շպենգլերն է նշում, միգուցե Ռեմբրանդի կտավն ու Մոցարտի նոտաները մնան, բայց կարող է վերանալ այն աչքն ու ականջը, որ ունակ են դրանք ընկալել։ Պահպանել մշակութային արժեքները և ավանդությունները նշանակում է փոխանցել սերունդներին դրանք հասկանալու կարողությունը։

Վարժապետական դասավանդման ըթացքում հաճախ մեռյալ, սառեցված տեքստեր և կեղծ հայրենասիրական, պաթետիկ բանաձևեր են փոխանցում աշակերտին։ Այնինչ փոխանցման ենթակա է ոչ թե արտաքին կեղևը, այլ ներքին բովանդակությունը՝ ավանդության իսկական կորիզը։ Իսկ ինչպե՞ս գտնել այդ իսկական կորիզը, արդյո՞ք մենք դա իմանալու հավակնություն ունենք։

Մարտին Հայդեգերը նշում է՝ ավանդությունը կենդանի է, եթե այն դիտարկվում է այսօրվա տեսակետից։ Այսինքն՝ եթե ցանկանում ենք ավանդությունը կենդանի հասկանալ, պետք է այն դիտարկենք այսօրվա խնդիրների լուծման տեսանկյունից։ Իսկ մեռած ավանդությունների համար Յուրգեն Հաբերմասը հետաքրքիր ձևակերպում է տվել՝ երբեմն ավանդությունը կենդանի պահելու միակ ձևը այն ջախջախիչ քննադատության ենթարկելն է։ Այդ դեպքում այն նորից դառնում է խնդիր և բախվում այսօրվա իրականության հետ։

Դիտեք նաև՝

Search