Անձի դրսևորման տեսանկյունից հասարակությունները կարելի է բաժանել հետևյալ տեսակների՝
1․ Ավտորիտար կամ սուվերեն (sovereign society)
Համակարգ, որտեղ որոշումները կայացվում են մեկ մարդու կողմից։ Մարդիկ տնօրինում են դիմացինի կյանքը և մահը։ Էքզիստենցիալիստները սքանչելիորեն որդեգրեցին սուվերեն հասարակության այդ կարևորագույն փաստը․ մի արժեքային համակարգում, որտեղ տնօրինվում է մահվան գաղափարը և ապրել/չապրելը կախված է ուրիշից, մարդու կյանքն ավելի արժևորված է։ Էքզիստենցիալիստները և մոդեռնիստները շատ հաճախ վերականգնում էին սուվերեն հասարակության տիպարը, որպեսզի մահվան արժեբանությունն ավելի մոտեցնեն մարդուն, ավելի հասկանալի դարձնեն, թե ինչ է նշանակում, երբ քո կյանքն ուրիշների ձեռքերում է։
2․ Կարգապահական կամ դիսցիպլինար
Հասարակություն, որտեղ արդեն տնօրինվում է ոչ թե մարդու կյանքը և մահը, այլ մարդու տարածքը։ Ստեղծվեցին փակ տարածքներ՝ դպրոց, բանտ, հիվանդանոց, որտեղ մարդը ձևավորվում է իբրև սոցիալական միջավայրում զարգացող անհատ։ Գրականությունը նույնպես օգտագործում է փակ տարածքների խնդիրը։ Այստեղ էգոն այլևս սուր կարիք չունի ապրելու, բայց սուր կարիք ունի հակառակվելու կարգապահական օրենքներին, ձևավորելու բողոք, հակամշակույթ։ Բողոքական շարժումներն ավելի շատ ծնվում էին ոչ թե բռնապետության, այլ դիսցիպլինար սահմանափակումների պայմաններում, որտեղ անհատն ընդվզում էր փակ տարածքների դեմ, պահանջում էր բաց սահմաններ։
3․ Վերահսկման
Ավտորիտար հասարակությունը բնութագրվում է մահվան, դիսցիպլինարը՝ տարածքի, իսկ վերահսկմանը՝ թույլտվության (access) տնօրինմամբ։ Մարդը ձգտում է տարբեր համակարգեր մտնել (սոցիալական ցանցեր, բժշկական համակարգ, կրթական համակարգ և այլն) և մուտքի թույլտվությունը ստանալու պահից սկսում է վերահսկվել։ Պոստմոդեռնի ձախական փիլիսոփայությունը նշում էր, որ մուտք ունենալու համար պետք է գտնվել նախնական լավ դասակարգային պայմաններում։ Հակառակ դեպքում` մարդը մտնում է այլ հոսք։ Անհատը բացարձակապես տրոհվում է ոչ թե ֆրագմենտների, այլ բազմաթիվ հոսքերի, դառնում է տարբեր համակարգերի վերահսկման օբյեկտ։ Ռիզոմատիկ տարբերակում մարդը սուբյեկտ, էգո չի հանդիսանում, չգիտի՝ որ համակարգի մեջ է գտնվում, քանի որ անընդհատ փոխում է հոսքերը։