էքզիստենցիալիստ Մարտին Հայդեգերը մահը դիտարկում էր որպես մարդու կյանքի միակ իմաստալից դրվագ։ Մարդն ինչ ուղղությամբ էլ շարժվի, որքան էլ նրա շարժումը պայմանավորված լինի սոցիալական, անհատական, ենթագիտակցական, էգոիստական գործոններով, միևնույն է, նա անվերապահորեն շարժվում է դեպի մահ։ Մարդու կյանքին իմաստ հաղորդում է մահկանացու լինելու փաստի գիտակցումը։ Պոստմոդեռնիզմը փորձեց կազմալուծել այդ գիտակցումը՝ մարդկային աշխարհին վերաբերվելով որպես ապրանքաշրջանառության աշխարհ, իսկ մարդուն՝ իբրև ապրանք, ապրանքանիշ, ապրանքահոսք։
Ապրանքի արժեքն ընդունված էր դասակարգել ըստ 3 հիմնական տեսակի՝
- Իրական
- Փոխանակման
- Օգտակարության
Պոստմոդեռնիստ Ժան Բոդրիարը ապրանքին կցեց նաև «նշանային արժեք» պիտակը։ Ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի մեծ կարևորություն են տալիս ապրանքի նշանին, և նույնիսկ անցյալում գերիշխող դարձած փոխանակման արժեքը զիջում է նշանային արժեքին։
Ապրանքային հասարակության մեջ խնդիր է առաջանում, թե ինչ նշան են իրենց մեջ կրում մարդու կյանքն ու մահը, որքանով է մահը դառնում նշանային կարևոր կատեգորիա։ Եթե ըստ Հայդեգերի՝ մահը մարդու կյանքին իմաստ է փոխանցում, ըստ Շոպենհաուերի՝ տալիս է լիակատար ազատություն, ըստ քրիստոնեական աստվածաբանական ուսմունքի՝ ինքնազոհողության հնարավորություն, ապա իբրև պոստմոդեռնի նոմինալ նշան՝ այն դառնում է ամենաարգահատելի, ամենատհաճ երևույթը, որից պետք է խուսափել ամեն գնով։ Մահը կորցնում է իր արժեքը։