Աստված մարդու գերագույն մետանարատիվն է. բոլորն ամեն կերպ փորձում են Աստծո փոխարինող գտնել՝ տիեզերք, հավերժական ուղեղ, ճակատագիր և այլն։ Աստվածային ֆունկցիան սկսեց խաթարվել լուսավորականության շրջանում, երբ Աստված դադարեց մարդկանց կյանքում անհատական պատժողի և հրաշքներ պարգևողի դերը կատարել։
Լուսավորության շրջանում տարածում ստացավ դեիզմի գաղափարախոսությունը, ըստ որի՝ Աստված այլևս մասնակից չէր մարդու ներքին աշխարհին, գործունեությանը, պատասխանատվությանը։ Ինչն էլ հանգեցրեց էգոյի տրոհման։ Մոդեռնիզմն ամեն կերպ փորձում էր գտնել մարդկային էգոյի սկիզբը, մինչդեռ էգոյի տրոհմանը զուգահեռ պոստմոդեռնիզմն առաջ քաշեց ինքնության գաղափարը։ Մարդն արդեն իրեն պատկերացնում է ոչ թե որպես անհատ, այլ իբրև սոցիալական, մշակութային, նույնիսկ մտացածին կամ քրեական խմբի մաս, էգոն որոշվում է պատկանելությամբ։
Տիեզերքն այլևս չի կենտրոնանում մարդու շուրջը․ ստեղծվում են տարբեր կենտրոններ՝ ռիզոմաներ, տարակենտրոն, տարածվող ստրուկտուրաներ, և գրական հերոսներն էլ արտացոլում են դա՝ իրենց բազմաֆունկցիոնալությամբ, բազմաժամանակայնությամբ, բազմակառուցվածքայնությամբ։