Play Video
Պոստմոդեռնիզմ | մաս 4 | Անուշ Սեդրակյան

Պոստմոդեռնիզմի հիմնական խնդիրներից էր տարատեսակ մետանարատիվների քանդումը, մասնատումը: Մետանարատիվը ռացիոնալ, էմոցիոնալ, կոգնիտիվ շրջանակի մեջ է հավաքում այն ամենը, ինչ մարդուց, անհատականությունից, նույնիսկ հասարակությունից վեր է, գտնվում է օրվա իրադարձություններից, զգացողություններից, անձնական հուզումներից ու ընկալումներից դուրս: Ժամանակի հետ մետանարատիվները փոխվում են, օրինակ` կարող են լինել հայրենասիրական` «ամեն ինչ հանուն հայրենիքի», կարող է լինել գեղեցկության մետանարատիվ, ինչպես Օսկար Ուայլդի մոտ` «միայն գեղեցիկն է ճշմարիտ»: Այժմյան հայկական իրականությանը բնորոշ է նաև երեխաների մետանարատիվը:

Պատմությունը հաճախ դիտարկվում է որպես դեպքերի խրոնոլոգիական ընթացք և դեպքերի մեջ ուրվագծվող մեծ անձերի խրոնոլոգիական ընթացք: Օրինակ` Սովետական միության պատմությունը` Լենին, Ստալին, Խրուշչով. յուրաքանչյուրն իր հետ բերում է մի մետանարատիվ, որն էլ ընդգրկվում է սոցիալիզմի և ապագա կոմունիզմի ընդհանուր մետանարատիվի մեջ: Սակայն Ֆրիդրիխ Նիցշեն համարում էր, որ պատմությանը մենք նայում ենք ոչ թե պատմական ընթացքների, խրոնիկայի և անգամ մեծ անհատների դիսկուրսից, այլ մարդու ինքնության, ներաշխարհի դիտանկյունից: Պատմության շարժիչ գործոններ, ըստ այդմ, կարող են լինել սեռականությունը, սեռական մղումները, նախանձը, կրքերը, մրցունակությունը: Նիցշեն պայքարում էր հնացած մետանարատիվների դեմ` փորձելով հակադրվող մետանարատիվներ ստեղծել, մինչդեռ Միշել Ֆուկոն, Ժակ Դերիդան և այլ պոստմոդեռնիստներ պայքարում էին ընդհանրապես մետանարատիվների դեմ, նրանք ցանկանում էին, որ աշխարհը բաժանվի ու վերածվի լիակատար ազատության, որտեղ պատմությունը գոյություն չունի:

Դիտեք նաև՝

Search