Պոստմոդեռն գործիչները խնդրականացնում էին իրականությունը և համարում էին, որ այն գոյություն ունի միայն մարդու գիտակցության մեջ, իսկ գիտակցությունն աշխատում է հստակ մտաձևերով ու մտակաղապարներով, որոնք կարող են փոփոխվել` տվյալ դարաշրջանով կամ նույնիսկ լեզվով պայմանավորված: Որպես կանոն, ժամանակակից մարդը բազմալեզու է, և մի լեզվից մեկ այլ լեզու անցնելիս նրա մոտ տեղի է ունենում մտաձևերի փոփոխություն: Սրա վրա հիմնվելով` պոստմոդեռնիստները պնդում էին, որ լեզուն թյուր կառույց է և միտված է մարդուն մոլորության մեջ գցելուն:
Նախնադարյան մարդը սկսեց հաղորդակցվել ձայնարկություններով, հետո անցավ հարցերին, այնուհետև` դատողություններին: Եվ հենց գիտակցությունը հասավ դատողության աստիճանին, մարդն անմիջապես սկսեց որակումներ տալ: Ըստ պոստմոդեռնիստ Ժակ Դերիդայի` մարդու ուղեղի մեջ արմատացած են բինար օպոզիցիաները` գնալ-գալ, լավ-վատ, խելացի-անխելք և այլն: Նման բառերն օգտագործելիս անխուսափելիորեն տրվում է գնահատական, և լեզուն, իբրև ուժ, աշխատող գործիք, միանգամից սկսում է ազդել մարդու անհատական և հանրային գիտակցության վրա: Արդյունքում` մոդեռն մարդը, Վերածննդի մարդը, ով ստեղծում էր ամեն ինչ, ներառյալ` իր մարմինը, հանկարծակիորեն դառնում է ոչ թե ստեղծարար էակ, այլ լեզվի կառուցվածքի գերի, որը նրան պարտադրում է պահվածք, արժեք, նորմ և նույնիսկ պատմություն: