Պոստմոդեռնիզմը երկար տարիներ դիտարկվում էր որպես մոդեռնիզմի շարունակություն: Սակայն այս երկու ֆունդամենտալ տարբեր աշխարհայացքները վաղուց արդեն պայքարի մեջ են միմյանց հետ: Պոստմոդեռնիզմը, որպես մշակութային ուղղություն, դադարել է զուտ մշակութային լինել և սկսել է թափանցել և՛ հանրային մշակույթ, և՛ հասարակական մշակույթ, և՛ քաղաքական մշակույթ, և շատ հաճախ այն բոլոր խնդիրները, որոնցից բողոքում է մոդեռն կամ պոստմոդեռն հասարակությունը, հենց պոստմոդեռնիզմի աշխարհայացքի ազդեցության հետևանք են: Այժմ նույնիսկ խոսում են պոստ-պոստմոդեռնի ժամանակաշրջանի մասին:
Պոստմոդեռնիզմը մոդեռնիզմից տարբերակող հատկանիշներից ամենաակներևն այն է, որ մոդեռնն ունի նախապես հեղինակային ծրագիր, այսինքն` ծնվում է հեղինակը, ով գիտակցության ուժով առաջնորդվող մեկն է: Այս առումով, հեղինակային ծրագիրը շատ մոտ է աստվածային լոգոսին, որի տրամաբանությամբ` մարդն ունի գոյության պատճառ և նպատակ: Երբեմն ասում են, որ մոդեռնիզմն էլ է ֆրագմենտար, ինչպես պոստմոդեռնիզմը, սակայն հստակ տարբերություն կա. մոդեռնի բոլոր ֆրագմենտները կապված են այդ նախնական գաղափարով, մինչդեռ պոստմոդեռնի ֆրագմենտների ամբողջ նպատակն այն է, որ եթե անգամ կա ինչ-որ նախնական գաղափար, այդ գաղափարը պետք է հիմքից կոտրել, ոչնչացնել, ենթարկել դեկոնստրուկցիայի, որովհետև ցանկացած ճշմարտություն ենթակա է քննության և հարաբերական է: