Play Video

Հաղորդումը նկարահանվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Արդիականացումը, նաև պատմական հեռանկարում, կարելի է դիտարկել իբրև բացվածություն դեպի աշխարհը, այլ մշակույթներ ու արժեքներ, դրանց ներթափանցմանն ու տեղայնացմանը: Հետադիմությունը՝ ռեակցիան, կարելի է սահմանել որպես իզոլյացիոնիզմ՝ փակվածություն, մեկուսացում սեփական գաղափարների մեջ: Այստեղ անխուսափելի է նաև մանիպուլյացիան, քանի որ մեկուսացման մեջ ստեղծվում են այն արդարացնող, նպատակ դարձնող բազմաթիվ կոնստրուկտներ, այդ թվում՝ կրթության, մշակույթի ճանապարհով:

Ինքնաճանաչողությունը ստեղծագործական պրոցես է. մարդը չի կարող ինքնաճանաչման ճանապարհով գնալ, եթե նա ազատ չի մտածում: Քաղաքացին այն անհատն է, որը կարողանում է ինքնուրույն հայացք ձևավորել ինքն իր, մարդկանց, քաղաքական համակարգի և գործընթացների վերաբերյալ և ըստ դրանց կազմակերպել իր գործունեությունը: Սակայն, գոյություն ունի անավարտ և ավարտուն ինքնության խնդիր: Ինքնության ավարտուն ձևը ենթադրում է սահմանափակում որոշակի հասկացությամբ՝ հայ, հայր, տղամարդ, քաղաքի կամ գյուղի բնակիչ և այլն: Անավարտ ինքնությունը ենթադրում է, որ մարդ շարունակաբար պատրաստ է զարգացնել սեփական ինքնության ձևակերպումը: Արդյո՞ք զարգացման ձգտող այս մարդը վտանգ է ինքնությանը, և արդյո՞ք մենք չունենք խնդիր մեր ինքնությունը փակից դեպի բաց, դինամիկ զարգացող ինքնություն ձևափոխելու: Ինչպե՞ս է այս հարցն առնչվում կրթության խնդրին: Այս հարցերի պատասխանները պիտի ստացված լինեն հանրային համերաշխության և համաձայնության միջոցով, որոնք, իրենց հերթին, առաջնային կարևորության խնդիրներ են: Կրթության համակարգն այն տեղերից մեկն է, որտեղ այս նպատակները պիտի երևան. առողջ գործընթացի երաշխիքը մասնակցայնությունն է՝ հանրային բոլոր խմբերի ներկայության ապահովումը և թափանցիկությունը: Կրթության միջոցով կատարվող այս փոփոխությունները պիտի օգնեն հասկանալ, որ մենք այլևս մի համայնք չենք, որը ձուլվելու, վերանալու, խառնվելու վտանգի առջև է. մենք ունենք անկախ պետություն, ոչինչ չի սպառնում հայոց լեզվին և մեր դավանանքին:


Ռեակցիան նորմալ երևույթ է: Աշխարհը շատ արագ է փոխվում. ժամանակը սեղմվում է, և այն, ինչ առաջ տասը տարվա մեջ էր տեղի ունենում, այժմ տեղավորվում է մեկ տարվա ընթացքում: Մենք կանգնած ենք հսկայական փոփոխությունների շեմին, և կոնսերվատիվ, արմատական շարժումները որպես դրան ռեակցիա են հանդես գալիս: Մյուս կողմից, աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում, միշտ գոյություն ունի պրոգրեսիվ ավանգարդ՝ ինտելեկտուալ, փոքրաթիվ, բայց լսվող թև, որը ևս առաջ է տանում այս հարցերի շուրջ քննարկումը: Շատ կարևոր է մեր ներքին փոփոխությունները գլոբալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մեջ տեսնելը: Այստեղ կարևոր է թե՛ պետության, թե՛ անհատների դերը. միշտ եղել են մարդիկ, որոնք դիսկուրսները առաջ են տարել՝ խոսքով, արվեստով և այլն:

Դիտեք նաև՝

Search