Հասարակություններն իրենց համակեցությունը կազմակերպում են ընդունելի ճշմարտությունների շուրջ: Նախաարդիական հասարակություններում այդ տիպի ճշմարտություններն ունեին «աստվածային» ծագում, և դրանց շուրջ էր կառուցվում աշխարհիկ և կրոնական իշխանությունը: Արդիականության առաջին քաղաքական հեղափոխություններն առաջ բերեցին համակեցությանը վերաբերող նոր, մարդածին ճշմարտություններ՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն, որոնք դարձան իշխանություն ձևավորող գաղափարներ: Այն ուժերը, որոնք կարողանում էին այս գաղափարները հնարավորինս հաջող կերպով իրականացնել հասարակության մեջ, կարողանում էին իշխանություն ձեռքբերել: Արդյո՞ք հնարավոր է լինել ժամանակակից ժողովրդավարական երկիր, ունենալ իշխանություն և չունենալ գաղափարախոսություն: Հնարավո՞ր է իշխանությունը կառուցել առանց գաղափարների:
Անհրաժեշտ է դիտարկել «ռացիոնալիզմ» և «գաղափարախոսություն» եզրերը: Ռացիոնալիզմը կարող է տարբեր բաներ նշանակել: կանտյան «Զուտ բանականության» իմաստով ռացիոնալիզմը միջնադարյան, նախամոդեռն հասարակարգն է, քանի որ այն հիմնված չէր էմպիրիզմի վրա: Այս առումով պետք է տարբերակել ռացիոնալիզմն ու գիտական ռացիոնալիզմը. քրիստոնեական աստվածաբանության հիմք դարձած պլատոնյան փիլիսոփայությունը մաքուր ռացիոնալիստական է: Գիտական ռացիոնալիզմը, մինչդեռ, էմպիրիկ է, և այս իմաստով քաղաքական իդեոլոգիաները չեն տեղավորվում ռացիոնալ-էմպիրիկ դաշտի մեջ, այլ ավելի շուտ շարունակում են միջնադարյան ավանդույթը, «աշխարհիկ կրոններ են»: Իդեոլոգիկ քաղաքականությունը ժառանգում է այն կոնցեպցիան, որ այն պիտի վերահսկվի դրանից վեր գտնվող արժեքային համակարգի կողմից: Մենք համարում ենք, որ ճիշտ և լավ քաղաքականությունը իդեոլոգիկ քաղաքականությունն է, սակայն, այստեղ որոշակի խնդիր գոյություն ունի. եթե բեքոնյան հեղափոխությունն ամբողջապես տարածվեր նաև մարդաբանության և հասարակական գործունեության վրա, ապա դրան կհետևեր քաղաքականության էմանսիպացիան իդեոլոգիկ վերահսկողությունից: Սակայն, դա տեղի չի ունեցել, և այդ գործընթացը դեռ շարունակվում է. մենք դեռ չենք ազատվել աստվածաբանությունից:
Այսօրվա աշխարհում դասական իդեոլոգիկ բազմազանության պայքար այլևս չկա. արժեքների մասին այլևս չեն վիճում: Մյուս կողմից, 19-րդ դարի «ինքնիշխան» իդեոլոգիաները 20-րդ դարում դարձան գեոպոլիտիկայի կցորդներ: Աշխարհը բաժանվեց երկու հսկայական ճամբարի՝ լիբերալ և կոմունիստական, այս խոշոր իդեոլոգիաները դարձան գործիքներ, իսկ մնացած բոլոր ուղղությունները կցվեցին դրանցից մեկին՝ որպես դաշնակից:
Մենք այսօր էլ կարող ենք ձևակերպել հայկական քաղաքական գաղափար: Հնարավոր չէ նստել աշխատասենյակում և ուղղակի հորինել այդպիսի գաղափար, հնարավոր չէ այն փոխառել: Մենք պիտի վերցնենք այն, ինչ արդեն կա, սակայն, ձևակերպված չէ: Մեր հասարակության բնական գաղափարախոսությունը կարելի է պայմանական կոչել «ազգային-դեմոկրատական»: Ղարաբաղյան շարժումից ի վեր մեր պատմությունը եղել է դեմոկրատական, որը մեր հասարակության բնական ինքնադրսևորումն է և արմատներով գնում է դեպի Հայաստանի վերջին 200 տարվա պատմություն: Ազգայինը, մյուս կողմից, անկախության ձգտումն է: Այս երկու բաղադրիչից է կազմվում մեր գաղափարը: