Play Video
Քաղաքականություն և մշակույթ | Սոնա Այվազյան | Աղասի Թադևոսյան | Գայանե Աբրահամյան

Հաղորդումը նկարահանվել է 2020թ. սեպտեմբերի 26-ից առաջ:

Թեև «ժողովրդավարություն» եզրույթը ենթադրում է, որ ժողովուրդն է ընտրում իր համար ծառայություններ մատուցող ներկայացուցչական մարմինները, սակայն, գոյություն ունեն ժողովրդավարական տարբեր մոդելներ: Այն երկրներում, որտեղ գոյություն ունի կառավարության լեգիտիմության պակաս, և կառավարությունը չի բավարարում հասարակությանը, շատ ավելի է կարևորվում մասնակցային կառավարումը: Դրա կոնցեպցիան ենթադրում է, որ իշխող քաղաքական ուժը պիտի ստեղծի և ժողովրդին տա գործիքներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան ավելի ակտիվ մասնակցել երկրի կառավարման գործընթացին: Այդ մոդելը թույլ է տալիս կառավարությանը մեծացնել լեգիտիմությունը, պատասխանատվությունը կիսել ժողովրդի հետ, ավելի լավ մշակված որոշումներ և օրենքներ ընդունել և հետագայում դրանք ավելի արդյունավետ կիրառել: Այս մոտեցման միակ խնդիրը գործընթացային դժվարությունն է, որը կապված է ներառական և մասնակցային բաղադրիչներն ապահովելու, տարբեր մոտեցումներ ու կարծիքներ հաշվի առնելու հետ:

2018թ. հեղափոխությունից հետո մենք գիտեինք, որ նոր իշխանությունների նկատմամբ ձևավորված ակնկալիքները շատ ավելի բարձր էին և խոցելի: Ժամանակի ընթացքում տեսանելի դարձավ, որ քաղաքացիների կարիքները չէին բավարարվում, իսկ հեղափոխության իդեալներն ու սկզբունքները, որոնց մասին այդքան խոսվում էր, չեն գործում: Մասնակցայնության տեսանկյունից ինստիտուցիոնալ առումով ոչինչ չփոխվեց. ֆորմալ գործընթացները չակտիվացան, քաղաքացիների կարծիքները և մտահոգությունները հաշվի չեն առնվում և հաճախ անարձագանք են մնում: Հեղափոխությունից հետո, սակայն, տեղի ունեցավ կարևոր մի փոփոխություն. պետական ռեգիստրը բաց և անվճար դարձավ լրատվամիջոցների համար:

Հայաստանում տարիներ շարունակ քաղհասարակությունն՝ իր մեթոդներով, շատ ավելի արագ է զարգացել, քան պետությունը, իսկ այսօր մենք ունենք նոր կառավարություն, որը կառավարություն լինելու նույնիսկ պատրաստ չէ: Այն չի ժառանգել նախկին իշխանությունների ձևաչափերը, անգամ եթե շարունակում է իներցիայով կիրառել դրանք: Մինչդեռ քաղհասարակությունը պահպանել է նախկին ձևաչափերը, և դրա կայացած խմբերը կարողունակ են մասնակցային կառավարման մեջ ներդրում ունենալու: Հարցն այն է, թե որքանով է պետությունը պատրաստ ընդունել այդ ներդրումը:

Դիտեք նաև՝

Search