Play Video
Քաղաքականություն և մշակույթ. Կարեն Ավետիսյան | Աղասի Թադևոսյան | Նունե Հախվերդյան

Հայաստանում գոյություն ունեն մշակութային հիմնարկներ, որոնց կառավարումը պետության բեռն է և, որոշ իմաստով, պետության խաչն է. թանգարանները, թատրոնները ունեն ֆիզիկական տարածքներ, անձնակազմեր, աշխատավարձեր և հաշվապահություն, խաղացանկեր, ծրագրեր, պլաններ, սակայն, այդ ամենը համակարգվում է պետության կողմից: ՊՈԱԿ-ներում պետության լիարժեք մասնակցության այս մոդելը չի փոխվել ԽՍՀՄ փլուզումից ի վեր, և, մյուս կողմից, դրանք ցանկացած փոփոխությանը ակամայից դիմադրող կառույցներ են: Այդ հիմնարկները վերափոխելու փորձերը հիմնականում տապալվում են, քանի որ գոյություն չունեն այդ հիմնարկներից դուրս գործող ինստիտուտներ:

Պարադոքսալ է, որ Խորհրդային Միությունն ուներ ինստիտուտների ձևավորման լավ ավանդույթ, սակայն, դրա շատ վատ իմպլեմենտացումներ: Այսօր մենք ունենք թե՛ ինստիտուտներ ձևավորելու, թե՛ դրանք կյանքի կոչելու, կենսունակություն ապահովելու խնդիր: Մենք ասես գտնվում ենք որոշակի բուֆերային տարածությունում, որտեղ ունենք ժառանգած որոշակի երևույթ՝ մի կողմից՝ բեռ, մյուս կողմից՝ փորձառություն, և կարծես լավ չենք պատկերացնում դրանց տարանջատումը՝ ապագային միտված հայեցակարգի կառուցման համատեքստում:

Անկախության տարիներին, երբ գոյացավ փոփոխությունների հանրային պահանջ և որոշակի ներուժ, ցավալիորեն, գրեթե ոչինչ չփոխվեց. Կարծես չուզեցինք կոտրել մի բան՝ հույս ունենալով, որ այն ինքնուրույն կկոտրվի: Պատճառները տարբեր էին. Ինստիտուտներում մնացել էին այն մարդիկ, որոնք սովոր էին աշխատել հին ձևերով, կար վախ, որ ինստիտուտների փոփոխությունները կբերեն համընդհանուր փլուզման, և, ի վերջո, փոփոխություններ չիրականացնելը հեշտ ճանապարհ էր: Ցավալիորեն, հեշտ ճանապարհն աշխատեց նաև 2018թ. հեղափոխությունից հետո. նկատվեցին որոշ միտումներ կոտրելու ինստիտուտների և անհատների անփոխարինելիությունը անգամ մասնագիտական ոլորտներում կադրային լրջագույն խնդիրների ֆոնին: Սակայն, չձևավորվեց փոխարինող առաջարակ, ինչպես և բոլոր մնացած ոլորտներում. Իշխանափոխությունը ընդունվեց ոչ թե որպես որոշակի գործընթացի մեկնարկ, այլ որպես վերջնակետ:  

Մշակույթի նախարարության կողմից «Հուսանք ու զանգ» փորձարարական ներկայացման ֆինանսավորումը կարելի է դիտարկել որպես օրինակ, թե ինչու պետությունը պիտի խրախուսի անկախ, փորձարարական արվեստը: Առաջին հերթին, գոյություն ունի որոշակի ընտրազանգված, որը նույնքան հարկատու է և պահանջատեր, որքան ներկայացմանը դեմ ակցիա իրականացրած և արտահայտված պահպանողական ընտրազանգվածը, և իրավունք ունի դիտելու այդ ներկայացումը հարկերի հաշվին: Երկրորդ, ավելի խորքային հանգամանքն այն է, որ թեև մեր հասարակությունը կառչած է դասականության գաղափարից, փորձարարական արվեստը ժամանակի ընթացքում հաճախ դառնում է դասականություն. սա կարևոր գործոն է մշակույթի էվոլյուցիայի գործընթացում: Այլ հարց է, թե որքանով է հայ հասարակությանն այդ էվոլյուցիան անհրաժեշտ. մենք անընդհատ հղում ենք մեր անցյալի արժեքներին՝ մեր ամբողջ էներգիան սպառելով դրա վրա: Սա շատ ավելի հարմար է. կա Կոմիտասը, կա Նարեկացին, որոնց հղում ենք անկախ նրանից, թե որքանով են նրանք կապի մեջ այսօրվա մեր հասարակության հետ, իսկ նոր «Կոմիտասի» ի հայտ գալը բարդագույն գործընթաց է, որի համար շատ քիչ բան է արվում, և շատ քիչ է հայտնի, թե ինչ է պետք դրա համար անել: Այս օրերին սպասվում են մշակույթի ոլորտում բյուջեի հսկայական կրճատումներ, որի համար գոյություն ունի շատ հարմար պատճառաբանություն, թե ներկայիս ճգնաժամում մշակույթն առաջնահերթություն լինել չի կարող: Սակայն, երբ մենք հայտնվում ենք նախացեղասպանական վտանգի շեմին, միակ բանը, որին մենք հղում ենք, հենց մշակույթն է, թեև՝ կրկին անցյալի մշակույթը:

Դիտեք նաև՝

Search