Play Video
Քաղաքականություն և մշակույթ. Նարեկ Մանուկյան | Աղասի Թադևոսյան | Զոհրաբ Գևորգյան

Վերջերս հաճախակիացել են գիտության և կրթության կարևորման խոսակցությունները, սակայն, պատերազմից հետո դրանք սովորաբար կապվում են տեխնոլոգիական զարգացմանը: Այնուամենայնիվ, հետպատերազմյան ճգնաժամի հիմնախնդիրներից մեկն այն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն, ըստ էության, ունակ չեն իրատեսորեն և ռացիոնալ նկարագրելու ձևավորված իրավիճակը և տեսլականներ առաջարկելու: Գոյություն ունի տեսակետ, որ այս հիմնախնդրի հիմքում են ընկած հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում առկա խնդիրները:

Պետք է դիտարկել 20-րդ դարի ընթացքում հայ իրականության մեջ «հոգու էվոլյուցիան»՝ գիտելիքի կառուցումը: Դարասկզբին տեխնոլոգիական միտումներին միանալու, որոշակի հայկական առևտրային կապիտալ ստեղծելու ընթացքը կասեցվեց Ցեղասպանության և խորհրդայնացման պատճառով: Խորհրդային իրականության մեջ, որոշակի առումով, իդեալիստական և մատերիալիստական խզվածքն էլ ավելի ակնհայտ դարձավ, և հոգու կառուցումը տեղ չունեցավ դրա բնականոն կերպով: Սրա հետևանքները ակնհայտ դարձան արդեն հետխորհրդային շրջանում. կարծես թե վերջին 30 տարին պիտի լավագույն ժամանակաշրջանը լիներ հնարավորությունների և տեխնոլոգիական առաջընթացի, կրթության, գիտելիքի մեկնաբանության նորացման տեսակետից, սակայն, բավարար քայլեր չարվեցին, և դրա երկարաժամկետ հետևանքներին մենք բախվեցինք այսօր:

Հասարակությունն այսօր փորձում է կարևորել այն գաղափարները, որոնք, իր կարծիքով, արագ արդյունք կտան. առավել շատ է խոսվում տեխնիկական, բնագիտական ուղղությունների մասին, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են զինատեսակների արտադրության հետ: Սակայն, չկա պատմագիտական վերլուծության անհրաժեշտության գիտակցում, ինչի հետևանքով ֆինանսավորումն ուղղվելու է շոշափելի արդյունք ցույց տվող ոլորտներ: Եթե բնական գիտությունները հիմնվում են գիտելիքի կառուցման պոզիտիվիստական ընկալման վրա, որը ենթադրում է արդյունքի հստակ չափելիություն, ապա հասարակական գիտությունները շատ ավելի քիչ են կախված պոզիտիվիստական մոտեցումից. դրանցում գերազանցում է մեկնաբանողականությունն ու վերլուծությունը: Անկախացումից հետո դպրոցներում և բուհերում չեն խրախուսվել ուսումնասիրության և ուսուցման այն ձևերը, որոնք կարող էին ձևավորել մեկնաբանության և վերլուծության ունակություններ զարգացնել: Հայաստանում հումանիտար գիտությունների հիմնախնդիրը պոզիտիվիստական մոտեցման հաղթահարումն է:

Հումանիտար հասունացում չունեցող հասարակության պահանջարկները թերի են լինում: Պատերազմից հետո բնագիտական ու տեխնիկական գիտությունների հանդեպ ուշադրության այս աճը նման է մի իրավիճակի, երբ մարդն արդեն հիվանդ է և գնում է շտապ վիրահատության: Հայ հասարակությունում շատ են մտածողական «դեֆեկտները». մտածողության մեջ գերակշռում են հակադրությունները: Սակայն, մտածողության արդյունավետ սովորություններն ուղիղ կերպով կապված են հումանիտար գիտելիքի կառուցման հետ, որը հնարավոր է միայն երկարաժամկետ հեռանկարում: Կրթության մեջ անհրաժեշտ է փոխել երկար ժամանակվա ընթացքում ձևավորված կարծրատիպերը, ձևավորել համադրական, սինթետիկ մտածողությունը, որը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից՝ սերունդների, գիտություններ, մտածողությունների միջև:


Դասավանդող լինելը լավատեսության աղբյուր է. դասավանդողը բացառիկ իրավունք է ունենում դիտարկել երկրի, հասարակության ապագան: Այս առումով շատ կարևոր է նկատելու կարողությունը. եթե մի բան չես նկատում, այն աստիճանաբար մեռնում է: Ամեն տարի եկող սովորողների նոր սերունդը ոճային առումով տարբերվում է նախորդից: Նոր սերունդների առաջին հատկանիշը ստեղծագործականությունն է՝ որպես մտածողություն, տեսնելու ստեղծագործականությունը, մինիմալիստական տեսնելու ունակությունը: Դասավանդողը պիտի նկատի այդ ռեսուրսը և աշխատի դրա վրա:

Դիտեք նաև՝

Search