Զրույցը նկարահանվել է 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ:
Ազգ լինելը արդի մարդու ամենալեգիտիմ արժեքն է. «ո՞վ ես» հարցին մարդը պատասխանում է առաջին հերթին՝ հայ, ամերիկացի, գերմանացի: Սա արդիականության մարդու ֆենոմենն է: Սակայն, կարևոր է, թե ինչ ենք հասկանում «ազգ» եզրույթի տակ. վերացական պատմականությունը ընդգծող մեխանիզմ, թե այսօր ապրող, քննադատ քաղաքացիների հանրույթ: Այստեղ կարևոր է ինտելեկտուալ միջավայրում խմբային ճնշման ֆենոմենը. այսօրվա Հայաստանի ինտելեկտուալները կոնկրետ խմբերի, ցանցերի մաս են, որոնցից ոչ բոլորն են իրականությանը նայում խորքային և բաց հայացքով:
Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, ունենք այնքան ներուժ, որ կարողանանք իրականության միակողմանի, մանիպուլյատիվ ձևակերպմանը հակադրել իրականության իրական նկարագրություն և ծուռ հայելիների մեջ ապրող հասարակությունից տեղափոխվենք ադեկվատ նկարագրված հասարակություն: Հայաստանի գոյությունն ինչ-որ չափով ենթադրում է ազգայնականության որոշակի աստիճան: Եթե մարդը չի ընդունում ազգի գաղափարը՝ գելներյան ձևակերպմամբ (յուրաքանչյուր ազգ պիտի ունենա պետականություն), ապա Հայաստանը՝ որպես միավոր, կորցնում է իմաստը: Հայաստանում ապրող, Հայաստանում մնացող ցանկացած մարդ, ուստի, որոշ չափով ազգայնական է, թեև ոչ ազգայնամոլ: Մեզ համար կարևոր է, որ այլընտրանքային արժեհամակարգեր ունեցող մարդիկ իրենց չընկալեն որպես ապազգային: Ազգային միասնության գաղափարը պիտի ուղեկցվի բազմազանության հանդեպ հարգանքով. եթե չկա վերջինս, հասարակության մեջ առկա բաժանումները շարունակաբար կդառնան կոնֆլիկտների պատճառ: Բազմազանության ընդունումը սերտորեն կապված է հանրույթի սահմաններում բռնության մերժման հետ. գաղափարային, մոտեցումային տարբերությունները չպիտի բռնության պատճառ դառնան: Բազմազանության բացառումը հղի է ռիսկերով: Դրա լավ օրինակ Խորհրդային Միության փորձն է, թե ինչ արդյունքներ ունեցան միատարր, սոցիալիստական մարդու կերպարի գաղափարական ինտենցիաները: