Play Video

Մեր հասարակությունը գերադասում է ոչ թե օրենքն, այլ ոչ պաշտոնական պայմանավորվածությունները, և օրենքը փոխարինում է բացառություններով: Այդ հարաբերությունները նկարագրող խոսակցական եզրերը՝ «բաշարելը», «շնորհքով լինելը» կարելի է կապել «տրիքստեր» հասկացության հետ: Տրիքստերը դիցաբանական կերպար է, որը աշխարհների միջև կապ է հաստատում և, որպես կանոն, խաբեբա, որը փոխատեղում է հարցադրումները: Տրիքստերը ներկա է բոլոր հասարակություններում, բայց կարո՞ղ է գոյություն ունենալ մի ամբողջ հասարակություն, որը «տրիքստերության» վրա է կառուցված: Մենք ապրում ենք այդպիսի հասարակությունում, որտեղ կարող է լինել օրենք, որն ասում է՝ օրենք չկա, օրինակ՝ բնագավառը էքսպերտային գնահատականով կարգավորելու օրինագիծ:

Այս բարքերը և դրանց տարատեսակ պարոդիական դրսևորումները կարելի է անվանել «Գուլագից ժառանգված», գողականությունից վերցված: Դրանք գոյություն ունեին արդեն խորհրդային տարիներին, և պետք է հասկանալ, թե ինչու հետագայում հաղթանակեցին: Հասարակությունը շահագործելու նպատակ ունեցող քրեաօլիգարխիկ ուժերը ստեղծեցին որոշակի գաղափարախոսություն: Այս գաղափարախոսությունը ձևավորվեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հետխորհրդային տարածքում, և բացակայում է զարգացած Արևմուտքում և երրորդ աշխարհի երկրներում, և կոչվում է էթնոպիա (էթնոս+ուտոպիա): Այն տարածվեց մեդիայով և դասագրքերով, և դրան աջակցում էր ԽՍՀՄ-ից մնացած քաղտնտեսական համակարգը, իսկ քրեաօլիգարխիկ համակարգի համար այս իրադրությունը շատ արժեքավոր էր: Կային մարդիկ և մարդկանց խմբեր, որոնք հայրենասիրության զգացումից անկեղծորեն ընդգրկվում էին այդ գործընթացում: Սակայն, քանի որ էթնոպիայի գաղափարախոսությանը գրեթե ոչ ոք իրականում չէր հավատում, ստվերային ասպարեզում ձևավորվեց «երկրորդ հասարակություն», որի «գուլագային» հասկացություններն այդպես էլ չհաստատվեցին պաշտոնական դաշտում:


Հնարավո՞ր է Հայաստանում լուսավորության գործընթաց: Լուսավորության ու բանականության վրա է հենվում մոդեռնի դարաշրջանը, սակայն, մեզանում այն չի կայացել. մեր հասարակությունում կան միայն նախամոդեռնը և պոստմոդեռնը: Դժվար է հուսալ, որ տեսաբանները, փիլիսոփաները, գաղափարախոսները կարողանան քաղաքական գործիչներին որևէ բան պարտադրել. հայաստանյան քաղաքական դաշտը հանգեցվել է պարզ խոսակցությունների՝ ով ինչ է վերահսկելու: Սակայն, լուսավորությունը պիտի իրականացվի և պիտի ունենա տեղական արմատներ: Հայաստանն ունի լուսավորականության ավանդույթ՝ Մխիթարյաններ, Նալբանդյան, այլոք: Մենք պիտի փորձենք այդ ավանդույթը զարգացնել և ձևավորել մտածող մարդկանց փոքր միջավայրեր:


Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ն մարդիկ ասում էին, որ հասարակությունը տոտալիտարիզմից անցնում է ժողովրդավարությանը, սակայն, մենք ուղղակի անցնում ենք այլ տիպի տոտալիտարիզմի: Տոտալիտարիզմի հիմնական բնորոշիչն այն է, որ մարդկանց պարտադրվում է միևնույն կարծիքը, և մարդկանց թվում է, որ եթե բոլորն ունենան սեփական կարծիքը, կլինի ժողովրդավարություն: Սակայն, երբ անհատական կարծիքը չի դրվում քննության, գոյանում է անհատական մակարդակ իջեցված տոտալիտարիզմ: Եվրոպայում դեռ Ապելի և Հաբերմաասի կողմից առաջ է տարվել «դիսկուրսի էթիկա» հասկացությունը, որը սահանում է, որ բարոյականությունը ոչ թե այս կամ այն պնդումն անելն է, այլ ի սկզբանե ընդունելը, որ բոլորը կարող են սխալական լինել, պատրաստ լինել կարծիքները դնել քննության՝ ուրիշի կարծիքի հետ միասին, և լավ փաստարկման դեպքում պատրաստ լինել համաձայնել այլ կարծիքի հետ:

Դիտեք նաև՝

Search