Հասարակական և հումանիտար գիտությունները հանրային և հասարակական կյանքի կարևոր մասն են՝ ճանաչողական և այլ տեսանկյուններից։ Կարևոր է հասկանալ՝ ինչ վիճակում են հումանիտար և հասարակական գիտություններն այսօր և որքանով է դրանց հաջողվում համարժեքորեն նկարագրել հասարակական և հումանիտար ոլորտի խնդիրները՝ մեր հասարակության նկարագիրը վերհանելու և ինքնաճանաչողական նպատակով։
Ինքնաճանաչողությունն առանցքային խնդիր է թե՛ մարդու, թե՛ ազգի ու թե՛ հասարակության համար, և եթե մարդը կարող է զբաղվել ինքնաճանաչողությամբ՝ վերցնելով անհատական ուղին, ապա հասարակությունը կարիք ունի լուծել այս խնդիրն ինստիտուցիոնալ ճանապարհներով, այսինքն մտքի ինստիտուցիոնալիզացմամբ։
Հումանիտար գիտությունը, լինելով մարդու մասին գիտություն, դրդում է մարդուն ուսումնասիրել ինքն իրեն, և այստեղ մարդը բախվում է մի շարք դժվարությունների։ Բանասիրությունն իր հերթին զբաղված է ձևակերպված մտքի վերծանման աշխատանքով, և այս ձևակերպվածն ի վերջո մարդկային փորձառությունն է։ Այսինքն, այս գիտությունը զբաղված է մարդկային փորձառության հետահայաց ուսումնասիրությամբ, և եթե այդ վերծանումը կատարվում է համապատասխան եղանակներով, երբեմն կարող են բացահայտվել ցավեցնող կամ «անհարմար» բաներ, ինչի արդյունքում մարդկային միտքը կարող է դժվարությունների առաջ կանգնել։
Իսկ ի՞նչ խնդիր է լուծում մշակութային մարդաբանությունը։ Ժամանակակից բարդ հասարակություններում մենք ուսումնասիրում ենք ինքներս մեզ կամ փորձում ենք էկզոտիկացնել, դիստանցավորվել ինքներս մեզնից, նայել մեզ ուրիշի հայացքով։ Ընդհանուր առմամբ մեզ թվում է՝ մենք շատ լավ ճանաչում ենք ինքներս մեզ, բայց դա շատ զգայական ընկալում է, և հենց սա է հասարակական գիտնականների դերն այսօր։
Ժամանակակից հասարակությունը և դրա խնդիրներն այնքան բարդ են, որ անհնար է հարց լուծել՝ տեղավորելով դրանք ընդհանրացնող բառերի մեջ։ Այսինքն, վիճակագրությունը և սոցհարցումները չեն պատասխանում այդ հարցերին․ անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրություն։ Եթե փորձենք առանձնացնել մեկ այլ մեկնաբանություն, կարող ենք ասել, որ մեր խնդիրը ոչ թե մարդուն ուսումնասիրելն է, այլ ուսումնասիրելը, թե մարդիկ ինչպես և ինչ կանոններով են խաղում իրար հետ, իսկ այդ կանոնները բավականին տարբեր են ու բարդ, թեև անընդհատ փորձ է արվում պարզեցնել այդ ամենը։