Play Video

Հավատացյալի կյանքի ամեն մի ժամը կապված է հավատքի խնդրի հետ, և ծիսային ժամանակը կլոր է. սկսվում ու ետ վերադառնում, որովհետև աղոթքները 24 ժամվա ընթացքում կրկնվում են, և այդ կրկնվող կամ վերադարձող ժամանակը ջնջում է հենց ժամանակը: Հավատացյալի համար բուն խնդիրը իր ապրած ժամանակն է՝ իր մեղքի ժամանակը:

Երբ մարդկային կյանքը վերջանում է, սկսվում է սուգի ժամանակը, այն դեպքում, երբ ճիշտը ճանապարհ դնելն է: Մենք պետք է մեռելներից բաժանվենք: Պետք է կարողանանք մեր սիրելիներից հրաժարվել, պետք է կարողանանք հրաժարվել նրանց սիրելուց՝ իբրև ներկա գոյություն, ընդունենք նրանց բացակայությունը: «Ռեքվիեմը» հոգեհանգստի ձևի տակ նրանց հոգիների հանգստից հետո խորքում մեր հոգիները հանգստացնելու համար է: «Ռեքվիեմը» ապրելու համար է, ապրողների համար է, ոչ մեռածների:

Զանազանենք կրկնությունը կրկնումից: Կրկնությունը նույնի վերադարձն է, մինչդեռ կրկնումն այն է, երբ նույնը լինում է, որպեսզի հայտնվի մի ուրիշ բան, որ ենթադրում է տարբեր մի բան:

Ինչի՞ն է հենվում գործի զարգացումը, անշուշտ անալոգիայի, որ հարաբերությունների հարաբերությունն է: Ժամանակակից արվեստի մեջ այդ հարաբերությունները զանազան տարրերի  հարաբերություններն են: Գրականության մեջ կարելի է մեկ վայրկանի մեջ շատ ընդարձակ ժամանակ հաստատել, անգամ մի քանի ժամանակներ, և ուրեմն գրությունը դառնում է այդ բոլոր ժամանակերի մի տեսակ անալոգիկ ներկայությունը: Եվ անշուշտ պետք է նմանություններ լինեն նրանց միջև, քանի որ չենք կարող, օրինակ, բաղդատել լուսինը ինչ-որ բանի հետ, որի հետ կապ չունի, թեև սյուրռեալիստները նման բաներ անում էին, օր.՝ Բրետոնը կատվի գլուխը համեմատում էր ցողի հետ: Անսովոր համեմատություն էր: Նա ասում էր, որ ինչպես սեղանի վրա հանդիպում են կարի մեքենան ու հրացանը, որոնք իրար հետ կապ չունեն, բայց միացնողը սեղանն է, այսինքն՝ տեսադաշտը: Եվ ուրեմն որպեսզի տարբերություններ լինեն, պետք է նույնը լինեն:

Ճապոնական ծաղկեփունջ սարքելու եղած-չեղած արվեստը ճյուղ կտրելն է, ինչ ձևով կտրես այդ ճյուղը, ըստ այդմ՝ կստացվի այս կամ այն տեսակի, ժամի, տրամադրության ծաղկեփունջ: Ճիշտ նույն բանը տեղի է ունենում այն բոլոր տեղերում, ուր գործ ունենք ռիթմի հետ: Սրա ամենադրամատիկ արտահայտությունն է այն, երբ դու տեսնում ես մեկին, ում բաճկոնի մի թևը դատարկ է, չկա, այս դատարկությունը շատ ավելի ցնցող է, քան եթե այնտեղ մյուս թևն էլ լիներ, ճիշտ այդպես է նաև տաղաչափության մեջ…

Դիտեք նաև՝

Search