Play Video
Պատմամշակութային արժեքներ և արդիականացում. Պավել Ավետիսյան, Արսեն Բոբոխյան

Այսօր ձեռքի տակ ունեցած պատմամշակութային արժեքները ճիշտ արժևորելով, ճիշտ պահպանելով ու ճիշտ քաղաքականության մեջ դնելով միայն՝ կկարողանանք արդիականացնել: Եթե որևէ գյուղի հարևանությամբ գտնվող հուշարձանը տնտեսապես շահավետ եղավ տվյալ գյուղի բնակչության համար,ապա գյուղացին նրան մի այլ աչքով կնայի: Եվ բացի այն, որ այդ հուշարձանը զուտ շատ կարևոր պատմական արժեք է, կհասկացվի, որ այն արժեք է նաև այսօրվա կյանքի համար: Օրինակ՝ կարող է այդ հուշարձանը տուրիստական երթուղիների մեջ դրվել,  զբոսաշրջիկներ կգան այդտեղ, կմտնեն նաև այդ գյուղ և փող կթողնեն այդտեղ, և գյուղի զարգացման համար դեր կունենա հենց այդ հուշարձանը:

Չնայած այն, որ մեր ավանդություններն ու ավանդական մշակույթը հիմնականում պահպանվում են գյուղում և գյուղաբնակի մոտ, բայց օբյեկտիվ գործընթացներ կան: Չի կարելի երազել, որ ամեն անգամ 2010, 2020, 2040թ.-ի գյուղը պետք է լինի այնպես, ինչպես 1950, 1810 կամ 1910թ.-ի գյուղն էր: Դա անհնար է, մարդկությունը զարգանում է, գյուղն իր ներքին էությամբ, արտաքին տեսքով փոփոխվում է, փոփոխվում է նաև այն արժեհամակարգը, որը կրում էր այդ գյուղի բնակիչը 100 տարի առաջ: 1850թ. գյուղում ապրող բնակչի արժեհամակարգը և 200 տարի հետո ապրողի արժեհամակարգը չի կարող նույնը լինել: Անհնար բան է, որ ես ապրեմ այնպես, ինչպես իմ պապը, և իմ պապն էլ ապրեր այնպես, ինչպես իր նախնիներից որևէ մեկը: Ամեն անգամ ինչ-որ փոփոխություն կլինի, դա պարտադրված պահանջ է:

Պատմամշակութային արժեքների կամ ժառանգության արդիականացումն անընդհատական պրոցես է: Ինչպես էինք հարսանիք անում սրանից 100 տարի առաջ և ինչպես ենք հարսանիք անում հիմա: Մենք չենք կարող հարսանիք այնպես անել, ինչպես 100 տարի առաջ էին անում, երբ մարդը ապրում է հիմա: Հարսանիքը նրա համար չի, որ ինքը պատճենի և կապկի այն ամենը, ինչ 100 տարի առաջ անում էր ինչ-որ մեկը:  Պետք է ինչ-որ բան վերցնել և ինչ-որ բան էլ մերժել: Ինչ-որ մի ժամանակ, երբ իմ ծնողը կարևորում էր թուխ մանուկները, գնում էր այնտեղ ուխտի, Թուխ Մանուկի առաջ մատաղներ էր անում, ինչ-որ բաներ էր սպասում Թուխ Մանուկից: Ես այնպես եմ դաստիարակվել, որ այդ ուխտի գնալու կարիքը չունեմ, Թուխ Մանուկից ինչ-որ պահանջներ չունեմ, իմ պահանջները բոլորովին ուրիշ տեղից են՝ այսինչ համալսարանից, այնինչ կազմակերպությունից: Այսինքն տեղերը փոխվել են, հիմա մենք պետք է գտնենք ու հասկանանք, թե ինչպես անենք, որ Թուխ Մանուկը՝ որպես պատմամշակութային արժեք, ինչ-որ կերպ մնա իմ այսօրվա կյանքի մեջ ու տեղ զբաղեցնի: Ուստի թուխ մանուկներին պետք է ճիշտ ներկայացնել, շուրջբոլորը ինչ-որ պայմաններ ստեղծել, որպեսզի հինգ տարեկան երեխան գնա, Թուխ Մանուկի կողքը խաղա, ես ինչ-որ բաներ պատմեմ Թուխ Մանուկի մասին, նրա մեջ տպավորվի, և երբ երեխան դառնա 15 տարեկան, նա իմանա, թե սա ինչ էր: Գուցե չգնա այնտեղ ուխտի՝ ակնկալելով այդ մատուռից ինչ-որ բաներ, օր.՝ երազանքներ ունի, որ կուզենա կատարվել, հիվանդություն ունի՝ բուժվի և այլն, բայց կիմանա, թե դա ինչ հուշարձան է:

Դիտեք նաև՝

Search