Միգրացիան փոխկապակցված է մշակույթի հետ՝ ինքնության, սոցիալական պատմության, մարդկային հասարակության այլևայլ դրսևորումների ու պրապկտիկաների հետ։ Միգրացիայի և մշակույթի կապը ընկած է եղել մշակույթի ձևավորման և առաջացման գիտական տեսությունների հիմքում, օրինակ՝ դիֆուզիոնիզմի դպրոցի, որը հիմնվում էր մշակութային տեղաշարժերի և մարդկանց խմբերի միջև կոնտատկների ուսումնասիրության վրա։ Համարվում էր, որ դրանց միջոցով մշակութային արտեֆակտներն ու երևույթները փոխանցվում են հանրույթների միջև՝ գաղթերի, կոնտակտների և այլ տեղաշարժերի միջոցով։
Ներկայումս միգրացիայի և մշակութային երևույթների կապը բազմակողմանի և բազմաբնույթ քննարկումների առարկա է գիտական և հասարակագիտական այլ շրջանակներում և կապված է թե՛ սփյուռքերի առաջացման, թե՛ գաղթի տեսակների, թե՛ մշակույթի ժամանակակից դրսևորումների հետ։ Այսօր ակտուալ է դարձել մշակույթների վերազգային տարրերի, փոխադրվող մշակույթների փոխակերպումներին, և միաժամանակ առաջ են գալիս հիբրիդային մշակույթների մասին տեսությունները, որոնք դիտարկում են հակադիր մշակույթներից նոր տեսակի մշակուային համալիրների, հատկանիշների համադրումը։ Վերջիններս առկա են հատկապես միգրանտական և պոստմիգրանտական հասարակություններում։
Համարվում է, որ մշակույթն ինքնին՝ մաքուր ձևով, չի գաղթում և նոր պայմաններում այն թե՛ թողնում է իր ազդեցությունը ինտեգրող հասարակության վրա, և բնականաբար կրում է դրա ազդեցությունը։ Միգրացիան ամենասուր դրսևորումներից է հարկադրական տեղաշարժը և բռնագաղթը, որը տարբերվում է միգրացիայի մյուս տեսակներից իրենց հարկադրական, մարդու կամքի դեմ ուղղված բնույթով, որի դեպքում ի հայտ է գալիս «փրկվող իրերի հիերարխիան»՝ ինչ են մարդիկ առաջին հերթին իրենց հետ տանելու։
Հարկադրական գաղթերը պայմանավորված են լինում հիմնականում կոնֆլիկտային իրավիճակներով, քաղաքական հանգամանքներով, բնական աղետներով։ Դրանց հետ ի հայտ են գալիս մշակութային յուրօրինակ երևությներ՝ տրավմաներ։ Ցանկացած միգրացիա մշակութային շոկ է ենթադրում, իսկ բռնագաղթի պարագայում տեղի է ունենում ոչ միայն մշակութային բախում, այլև տրավմատիկ փորձառության շուրջ կորսված մշակույթի վերակառուցման փորձի գործընթաց։ Առհասարակ, մշակութային տրավման ասոցացվում է մի քանի չափումների հետ և բնութագրվում է մի քանի ձևով։ Մի կողմից, այն համարվում է մշակութային ճգնաժամ, որի ժամանակ փոխակերպվում կամ ոչնչացվում են մշակութային հիմնական բաղադրիչները և մշակութային գործունեության բազային ֆունկցիաները։ Միաժամանակ, այն մի իրադրություն է, որի ստիպում է այդ բաղադրիչները ոչնչանալ։ Այն խզվածք է անցյալի և ներկայի միջև, և դրանում առաջանում են մշակութային բաղադրիչների փոխակերպումները։