Play Video
[Գլոկալ] ԱՄՆ․ մշակույթ | Գևորգ Տեր-Գաբրիելյան

Հայաստանյան հասարակական խոսույթում հաճախ է առաջ քաշվում «ո՞վ ենք մենք» հարցադրումը, մինչդեռ «որտե՞ղ ենք մենք» հարցը կամ շրջանցվում է կամ պատկերվում խիստ աղճատված տարբերակով։ Այնինչ, ինքդ քեզ հասկանալու, քո դերն ու նշանակությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու համար չափազանց կարևոր է օբյեկտիվ, միֆերից զերծ պատկերացում ունենալ այն միջավայրի մասին, որում գտնվում ես։

«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են  12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։

«Մշակույթ» ասելով՝ մենք ավանդաբար նկատի ունենք դրա արտեֆակտները՝ արձաններ, նկարներ, գրքեր և շինություններ։ Ամերիկյան մոտեցումը, սակայն, տարբեր է․ մշակույթ է համարվում ոչ թե արդյունքն, այլ գործընթացը, և այդ պատճառով առաջացան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են վարքային մշակույթը, տեխնոլոգիական մշակույթը, ենթակառուցվածքային մշակույթ և այլն։ Մոտեցման այս փոփոխությունն ամերիկյան մշակույթի կարևոր նորամուծություններից մեկն է համաշխարհային մշակութային գործընթացների մեջ․ նրանք վերցնում են մի հասկացություն և այն դիտարկում են այլ տեսակետից, հակառակ կողմից։ Դրանով, կարելի է ասել, զարգանում է համաշխարհային դիսկուրսը։ Բազմաթիվ օրինակներ գոյություն ունեն, որոնցից մեկն է մարդկանց կենսագրությունների ներկայացումը վերջին փաստերից դեպի սկիզբ։ Սա հատկապես հետաքրքիր է ժամանակակից կրթական ռազմավարությունների և մեթոդաբանությունների համատեքստում․ պատմության դասավանդումը հնարավոր է դառնում ներկայից դեպի անցյալ։ Սա տրամաբանական է․ մոտակա անցյալն ավելի լավ է հիշվում, քան վաղ անցյալը։

Մեկ այլ օրինակ է վերևի ու ներքևի հարաբերությունը։ Ավանդաբար «ներքևը» մեզ համար բացասական կոնոտացիա ունի, իսկ «վերևը»՝ դրական․ ներքևը կեղտոտ է, իսկ վերևը՝ մաքուր, Աստվածաշնչում ներքևում դժոխքն է, իսկ վերևում՝ դրախտը։ Այս հստակ տարբերակումները առավել կարևորություն ունեն մեր իրականությունում, սակայն, ամերիկյան ենթակառուցվածքային, տեխնոլոգիական մշակույթը վերացրեց վերևի և ներքևի միջև տարբերությունը, նաև՝ հիերարխիայի իմաստով։ Այս փոփոխված, վերևից ներքև դիտարկող մոտեցման շնորհիվ ԱՄՆ-ում հատկապես զարգացան որոշակի գիտություններ՝ քաղաքագիտությունը, մենեջմենթը, որոնք մինչ այդ գիտություն չեն համարվել։

Արդյունքից դեպի մշակութային գործընթաց փոփոխությունը հիմնաքարային է ամերիկյան մշակույթի համար, և դրանով է պայմանավորված այդ մշակույթի ենթակառուցվածքային ազդեցությունը։ Օրինակ, 1870թթ․ Էդիսոնն աշխատում էր իր լամպերի վրա։ Մի քանի տարվա ընթացքում իր և իր մրցակիցների լամպերն արդեն լուսավորում էին ողջ քաղաքների թաղամասեր, օվկիանոսային նավեր և այլն։ Եթնակառուցվածքային մշակույթը դարձավ ամբողջ աշխարհով ազդեցություն ունեցող երևույթ։

Այս երկու հատկանիշը՝ մտքի ուղղության փոփոխությունն ու ենթակառուցվածքների վրա շեշտադրումը, պիտի պայմանավորված լիներ ինչ-որ այլ խոշոր հատկանիշներով։ Հավանաբար, դրանցից մեկը անհատի էգոն էր․ անհատապաշտությունը, անհատի հսկայականությունը՝ թե իր արժանապատվության, թե հասարակությունից անկախ լինելու տեսակետից։ Հսկայական էգո ունեցող տիպական ամերիկացու կերպարներից մեկն է ֆերմերը, որն ունի իր ֆերման, ընտանիքը, որն առանձին պետություն է․ նրանք զինված են, պաշտպանում են իրենց գույքը, արտադրում և իրացնում են սնունդ։ Մյուս վճռորոշ հատկանիշը ստրկատիրության հարցն էր, և իհարկե, եթե նշված ֆերմերն ուներ ստրուկներ, ապա նրա էգոն էլ ավելի ուռճացված էր։ Անգամ կարելի է ասել, որ ստրկատիրության վերացման համար պայքարող «յանքիներն» էլ ավելի խոշոր էգո ունեին՝ հանուն արժեքների հրաժարվելով ստրկատիրությունից։ Սևամորթ բնակչության ազատագրման գործընթացի մեջ ամենալուրջ խնդիրներից մեկը նրանց էգո «տրամադրելն» էր։

Շարունակելի․․․

Դիտեք նաև՝

Search