Play Video

Ցանկացած ազգ, պատմական ճանապարհ անցնելիս, հենվում է մշակութային, նախատիպային կոնստանտների վրա, որոնք գուցե կարելի է անվանել մշակութային կոդ: Որո՞նք են Ռուսաստանի պարագայում այդ մշակութային կոդերը: Դրանցից երկուսը՝ որպես հիմնասյուներ, ընդունվում են ոչ միայն ռուս, այլև այլազգի հետազոտողների կողմից: Առաջինը կարելի է սահմանել թարգմանության չենթարկվող ռուսերեն «соборность» հասկացույթով: Այն կարելի է սահմանել որպես մարդկանց ազատ, ազատակամ հոգևոր միասնություն, որը դրսևորվում է ինչպես եկեղեցական, այդպես էլ աշխարհիկ կյանքում և հիմնված է եղբայրական սիրո և աստծո հանդեպ սիրո վրա: Աշխարհիկի և եկեղեցականի միջև կա ներքին կապ, որը ինստիտուցիոնալացվում է երկու ձևով. առաջինը կարևոր հարցի համար գումարվող ժողովն է, երկրորդը՝ տաճարը, որտեղ տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ միաժամանակ ժամերգություն են անցկացնում: Պետք է նշել, որ այս հասկացությունը սիրո և աստծո հանդեպ սիրո բարոյական հենց այն բարոյական իդեալն է, որն օգնում է մարդկանց միավորվելու և միավորելու՝ ճշմարտությունը գտնելու իրենց ջանքերը: Սա դարեր շարունակ ընկած է եղել ռուս ուղղափառության արժեհամակարգի հիմքում, և մնացած բոլոր արժեքները ածանցյալ են այս գաղափարին: Հավատքի տեսանկյունից «соборность» հասկացությունը մարդուց ի վերուստ տրված շնորհի ինտուիտիվ հայտնություն է, որը գալիս է ներսից, և չի կարող պարտադրված լինել դրսից: Խորհրդային կարգերի օրոք այս իմաստը լիովին նենգափոխվեց. ներքին մղումը փոխարինեց ընդհանրական կուսակցական կամքով, ինչի արդյունքում աշխարհի մասին ավանդական պատկերացումը նենգափոխվեց և փոխարինվեց կոմունիստական գաղափարախոսությամբ: Վերբալ մակարդակում այս գաղափարին անդրադարձել են գրեթե բոլոր ռուս փիլիսոփաները, իսկ ոչ վերբալ դրսևորումներն իրենց ակունքներով գնում են դեպի հեթանոսական շրջանի տոնակատարություններ և ծեսեր և հետագայում արտահայտվում է կերպարվեստում, երաժշտության, գրականության, քաղաքականության մեջ:

Երկրորդ մշակութային կոնստանտը «держава» հասկացույթն է, որի ծագումնաբանությունը կապված է հին սլավոնական «държава» բառից, որը նշանակում է «տիրակալություն», «հզորություն», «այն, ինչ տիրակալի ձեռքում է»: Վերջինը նաև վերաբերում է ռուս թագավորների և կայսրերի ձեռքում ավանդաբար պահվող ոսկե գնդին, որը կարծես ուղիղ կերպով բացահայտում է «держава» բառի՝ ձեռքի մեջ պահելու, բռնելու իմաստը: 19-րդ դարի երկրորդ կեսում ակադեմիական բառարաններում հայտնվեցին մի շարք բառեր՝ «державец», «держальник», «державно», անգամ կենցաղային իմաստներով՝ «держалень», «держалка» և այլն: Հետաքրքիր է, որ մինչև 1917թ. եկեղեցական իշխանության և ինքնակալության միջև հոգևոր կապն անսասան էր, սակայն բոլշևիկյան հեղափոխությունից հետո այն ընդհատվեց կտրուկ և վտանգավոր ձևով: Հետագայում անհրաժեշտ եղավ թողնել բառը՝ իմաստափոխելով այն. ԽՍՀՄ-ում ուղղափառության փրկության գաղափարը վերասակրալացվեց և տեղափոխվեց կոմունիստական կուսակցության առաջնորդների վրա, որոնք դարձան ժողովրդի հայրեր, իսկ դրա հին կրոնական պաշտամունքը տարրալուծվեց խորհրդային հայրենասիրության մեջ և կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսում: Թեև Գորբաչովյան վերակառուցման տարիներին հայտնվեցին նոր, մինչ այդ անթույլատրելի իմաստներ, այնուամենայնիվ, վերադարձը դեպի նախահեղափոխղական տերմիններ նորմալ էր թվում: Մարդիկ կորցնում էին իրենց կողմնորոշիչները, և դրանք վերագտնում էին հին, ճանաչելի տիրույթներում: Այդ միտումը շատ ավելի լուրջ տեսք ստացավ հետագայում, երբ քաղաքական դիսկուրսը լցվեց «державность» հասկացույթի ժամանակակից իմաստների մասին քննարկումներով: Այդ ժամանակ հենց «державность», «соборность» և «духовность» հասկացույթները մեկնաբանվեցին և մատուցվեցին որպես Արևմուտքի կողմից Ռուսաստանի փլուզման նախագծերի միակ այլընտրանք:

Դիտեք նաև՝

Search