Play Video

Պետության ռազմական ուժը, առևտուրը և տնտեսությունն այն մեխանիզմներն են, որոնք ապահովում են պետության այսպես կոչված կոշտ ուժը (hard power), սակայն այն այլընտրանք է պահանջում աշխարհում, ինչպիսին են հանրային դիվանագիտությունը և մշակութային դիվանագիտությունը։ Մշակութային դիվանագիտությունն իր հերթին հանրային դիվանագիտության ինքնատիպ բանալին է, քանի որ մշակույթի միջոցով է պետությունը պահպանում իր ինքնությունը, ներկայացնում իր արժեքներն ու գաղափարները։ Այս ամենն ընդհանրանում է փափուկ ուժի և խելացի ուժի կոնտեքստում։ 

Կոնֆլիկտների և անկայունության այս դարաշրջանում մշակույթի՝ որպես փափուկ ուժի գործիքի դերը գնալով մեծանում է․ այն դիվանագիտության առանցքային ռեսուրսն է և ուղղված է պետության արտաքին իմիջի բարձրացման և օտարերկրյա լսարանի ներգրավման մեջ։ 

2018 թվականին միջազգային զեկույց հրապարակվեց, որում փափուկ ուժի կիրառելիության տեսակետից 30 պետություն առանձնացվեց։ Այս ցանկում առաջատար են եվրոպական պետությունները․ առաջին հորիզոնականում Մեծ Բրիտանիան էր, երկրորդում՝ Ֆրանսիան, երրորդում՝ Գերմանիան։ Հայտնի է, որ Ֆրանսիան մշտապես եղել է փափուկ ուժի կիրառման դասական օրինակներից։ Ֆրանսիական մոդելի տարբերակիչ առանձնահատկությունը մշակութային քաղաքականության կորդինացնող դերն է և մշակութային ծրագրերին հատկացված պետական բարձր ֆինանսավորումը։ 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիան ունի մշակութային քաղաքականության իրականացման (փափուկ ուժի կիրառման) հինգ ուղղություն՝ մշակույթ և լեզու, գիտություն, կրթություն, գործնական կապերի հաստատում, հանրային դիվանագիտության զարգացում։ Այսպես, Ֆրանսիայի բյուջեի տարեկան 2,5 տոկոսը հատկացվում է մշակութային ծրագրերի իրականացմանը։ 

Մշակույթ, լեզու, մեդիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գրքեր, ֆիլմեր․ այս գործիքների միջոցով Ֆրանսիան պատմության ընթացքում որդեգրել է մշակութային ազդեցությունից դիվանագիտական ազդեցություն քաղաքականությունը, ինչի շնորհիվ և գնալով աճում է ֆրանկոֆոնների թիվը։ 2010-ական թվականներին աշխարհում շուրջ 200 միլիոն ֆրանկոֆոն կար, իսկ 2018 թվականին՝ 300 միլիոն ֆրանկոֆոն։ Այսպիսով, ֆրանսերենը մեծապես օգտագործվում է որպես գործիք՝ մշակութային քաղաքականություն իրականացնելու համար։ 

Մշակույթի ինստիտուցիոնալացումը նոր երևույթ չէ Ֆրանսիայում․ դեռևս Վերածննդի դարաշրջանում ստեղծվեց Alliance française կազմակերպությունն այնպիսի հեղինակավոր անձանց կողմից, ինչպիսիք են Ժյուլ Վեռնը և Լուի Պաստյորը։ Կազմակերպությունը որպես նպատակ հռչակեց ֆրանսիական մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածումը, իսկ որպես թիրախ ընտրվել էր երիտասարդությունը, որի շրջանում ֆրանսերենը տարածվում էր բանավեճերի, սեմինարների, քննարկումների, գրքերի միջոցով։ Այժմ կազմակերպությունը շուրջ հազար մասնաճյուղ ունի աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում (2003 թվականից)։

Դիտեք նաև՝

Search