Ինչպիսի՞ քաղաքացի է ուզում ունենալ այսօրվա Հայաստանը:
Կոմունիստական «պերեստրոյկայի» սկիզբը կտրուկ էր. գրականութան, երաժշտության, և, առհասարակ, կրթության մատուցման պաթոսը հանկարծ անհետացավ: Մարդ գնում էր երեկվա «սուտը» դասավանդող տարածք, սակայն իրականությունն արդեն շրջադարձային փոփոխություն էր կրել: Շարժումների տարիներին ի հայտ եկավ աննախադեպ մի իրադրություն՝ ինքնակրթման անհրաժեշտությունը: Իրավիճակի հեղափոխական իմպուլսը մեծ դեր խաղաց հետագայի համար:
Ի՞նչ նմանատիպ հեղաշրջում է կարող կատարվել ժամանակակից Հայաստանի երիտասարդի ուղեղում: Օրինակները քիչ են. գաղափարախոսության անհետացումից հետո չստեղծվեց նորը: Իշխանությունից ազատված այդ մի քանի տարին աննախադեպ հնարավորություն էր դրա համար. չկար փող վաստակելու հնարավորություն, սակայն նոր արժեքներ, խնդիրներ ձևավորելու պահ էր ստեղծվել: Իննսունականների ռադիկալ, շրջադարձային բնույթը չափազանց հետաքրքիր էր ժամանակակից արվեստի համար: Ցավոք, այդ տարիներին հասկանալի և ընդունելի գործերն այսօրվա հայացքին սկանդալային են թվում․․․
Պատասխանատու քաղաքացին առաջանում է ազատ հասարակությունում, որտեղ ազատագրված են մարմինները: Այսօրվա Հայաստանն ու հայկական պետական համակարգը վախենում են ազատագրված մարմնից: Արվում է ամեն հնարավոր բան, որպեսզի ազատագրված մարմինը լքի տարածքը: Հեռացավ ստի և պաթոսի վրա հիմնված գաղափարախոսությունը, բայց տեղն եկավ պետական մակարդակի հասցված «ֆոլկլորը»: Ազգագրական նյութն իմանալն ու հասկանալը շատ կարևոր է, սակայն, երբ այն կենսակերպի թելադրանք է դառնում, հասարակությունը հայտնվում է «նախնադարյան» իրավիճակում, որը հղի է ֆաշիստական միակերպության վտանգով: Բոլորս կարող ենք արթնանալ ազգային երգի և քնել օրհներգի հնչյունների ներքո, անգիր իմանալ դրանք, բայց ազատ մարմինը միայն շարունակելու է հեռանալ: Մենք ունենք ևս մեկ պատմական հնարավորոթյուն անկախ կոչվելու, բայց անկախությունը չենք հասցնում մարմնի մակարդակին:
Ազատ մարմինը չի ճնշվում բռնություն իրականացնող և պետականությունը կառուցող ինստիտուտների՝ բանտերի, անվտանգության ու ոստիկանական կառույցների, հոգեբուժարանների, դպրոցի ու ընտանիքի կողմից: Հարց է ծագում՝ ո՞րն է մեզ համար կարևոր: Ունենա՞նք, արդյոք, ուժեղ անվտանգությամբ, հսկող պետություն, որտեղ քաղաքացիները զերծ են բռնությունից, ալկոհոլից, ծխախոտից և սեքսից, որտեղ երեխաները հարգում են մեծերին, հայեցի են դաստիարակվում, աղջիկները լավ մայրեր դառնում, թե՞ ազատ մարմին ունենանք: Մարդկության պատմության ընթացքում փորձարկվել են թվարկված բոլոր մոդելները, ինկվիզիցիան մարդկանց այրում էր պետականության ու բարձրագույն արժեքների տրամաբանության ներքո: Հայերը, չունենալով այդ ամենը ու երազելով պետականության մասին, ստացան այդ հնարավորությունը, բայց շտապում են կրկնել պետության բացասական, ռեպրեսիվ, վերահսկողական մոդելները: Համեմատելով Հայաստանի և արտասահմանի երեխաներին՝ կարող ենք նկատել ազատ մարմնի տարբերությունները: Արտասահմանում երեխան ազատ է տարածության մեջ, բավարարված է ինքն իր ներկայությամբ, իսկ Հայաստանում երեխան միշտ սպասում է մեծահասակի թույլտվության, խրախուսող հայացքին. ծնողի, հասարակության համաձայնությունը շատ ավելի կարևոր է քան իր սեփական «ես»-ն ու մարմինը: Սա վախի տարածք է, և եթե մենք ընտրում ենք երկու մոդելների միջև, պիտի հասկանանք, որ վախը գալիս է ստեղծագործականությունը ճնշելու, իսկ «քիչ վախեցածը» նշանակում է «ստեղծագործող»: Ստեղծագործող մարդը նոր իրավիճակներ է ստեղծում, դրանով իսկ՝ նոր հարաբերություններ: Նոր իրավիճակներն ու հարաբերությունները մարդկությանը տանելու են նոր ճանապարհով: Ինչո՞ւ ենք վախեցնում երեխաներին և երիտասարդությունը: Չենք ուզում հասնել՝ ու՞ր․․․
Մենք՝ որպես հասարակություն, չունենք հեղափոխության փորձ: Այսօրվա Հայաստանը հեղափոխության արդյունքում չի ձևավորվել. մենք չենք պայքարել գաղութատիրոջ դեմ: Չի եղել որպես երկիր անկախանալու պայքար, դրա ներքո չեն եղել տեսություններ, առաջնորդներ, արյունահեղություն: Այժմ մենք, առանց այդ ճանապարհն անցնելու, կառավարման մեր համակարգը կառուցում ենք փոխառված մոդելներից: Եթե անցնեինք այդ ճանապարհը, ազատության պայքար կմղվեր ամեն դպրոցում, ամեն գյուղում, սակայն դրա փոխարեն մենք վերստեղծել ենք կեղծ արժեքների վրա կառուցված ֆեոդալականություն: Հենց այս, ստրկամտությանը տանող հարաբերությունների մեջ, տեղավորվում է ֆոլկլորը, որը կրկնում է իր պատմական գործառույթը:
Պետությունը վախը որպես մեխանիզմ է օգտագործում, և այդ վախի ինստիտուցիոնալ տարրերը մենք կարող ենք տեսնել կրթական համակարգում: Պոտենցիալ ազատ մարմինը՝ երեխան, պիտի գնա դպրոց և անցնի այդ ռեպրեսիվ համակարգով՝ դրված դասագրքային տեքստերի, ուսուցչի խոսքերի մեջ: Ուսուցիչն ու ծնողը չեն փորձելու մտածողության այլ տարբերակներ առաջարկել, որպեսզի երեխան «չտարբերվի»:
Լուծումներից մեկը կարող է լինել մի իրավիճակ, որում չկա պետություն: Մարդ ինքն է կառավարում իր տարածքը: Պատանիները պիտի հորիզոնական հարաբերությունները փորձարկելու հնարավորություն ունենան, որտեղ ծնողն ու ուսուցիչը չեն ազդում ստեղծագործականության արտահայտման վրա: Սակայն, կրթության մակարդակում իրականացվող այս գործողությունը չի բերում ցանկալի արդյունքների: Մարդ ձգտում է դուրս գալ այդ տարածքից և փոխել աշխարհը, մասնակցել կառավարմանն ու ընտրություններին, սակայն սահմանադրությունը ստեղծող պետությունն ասես մեծ մի խաղ է նախաձեռնել, որում խաղի կանոնները ոչ ոք չի պահպանում: Հակառակ պատկերն է ստեղծվում. «ճիշտը» գիտակցող անհատը հիասթափվում է՝ տեսնելով, որ այդ ճանապարհով ապրելն անիմաստ է: