Play Video
Մեր թաղը #30 Դարակերտ | Հովհաննես Երանյան

Դարակերտ գյուղն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու մայրաքաղաք Երևանից։ Ժամանակին այն եղել է Երևանի Շահումյան շրջանի կազմի մեջ։ Հիմա Արարատի մարզի մաս է համարվում։

Գյուղի կողքին մեկ այլ գյուղ է` Նորաբացը, բայց արձակագիր Հովհաննես Երանյանը նկատում է, որ երկու գյուղերի անունները կարծես «թարս» ընտրված լինեն, որովհետեւ Դարակերտ համայնքն ընդամենը 70-80 տարվա պատմություն ունի, մինչդեռ անվանումը նշանակում է «դարերից կերտված», իսկ Նորաբացը առնվազն 300 տարվա պատմությամբ գյուղ է։

Դարակերտի բնակչությունը հիմնականում ձևավորվել է 1946 թվականի մեծ ներգաղթից, երբ սիրիահայերի մեծ հոսք եկավ հայրենիք։ Այդ մարդկանց հատկապես առաջին սերունդները քրդախոս էին, հայերենի չէին տիրապետում, սակայն հիմա քրդերենի տիրապետող շատ քիչ մարդ է հնարավոր գտնել այստեղ։

Բնակչության մյուս մասն էլ Նախիջևանից տարիներ շարունակ հեռացող հայերն են, ինչպես նաև Շիրակի և Սյունիքի մարզից եկածները։ Գյուղում նաև 2 իրանահայ ընտանիք կա, որոնցից մեկն էլ հենց Հովհաննես Երանյանի ընտանիքն է։

Դարակերտ գյուղի հողային հարստությունների մասին խոսելիս Հովհաննես Երանյանը նշում է, որ Հայաստանում առկա 6 տարբեր կարգերի հողերից էլ գյուղն ունի։

Գյուղի տարածքում խորհրդային տարիներին տանձենիների և խնձորենիների հսկայական այգի է եղել։ Այգին այնքան մեծ էր, որ ժամանակի երեխաները այն «անտառ» էին անվանում, իսկ բերքի սառեցման համար նախատեսված սառնարանը հանրապետության ամենամեծ սառնարաններից մեկն էր։

Բացի գյուղատնտեսական նշանակությունից` այգին նաև երեխաների ամենասիրելի վայրերից է եղել խաղալու, վազվզելու, այգեգողություն անելու համար։ Իհարկե բերքի հասունացման շրջանում նույն այդ երեխաները, սկսած 10-11 տարեկանից, օգնել են ծնողներին, աշխատել այգում, որպեսզի գերակատարեն պետության կողմից սահմանված աշխատանքային պլանը։

Ցավոք` անկախության առաջին տարիներին այգին վերացվել է խնամելու ռեսուրսների սղության պատճառով…

«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին:

Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը:

Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search