Play Video

Մշակութային քաղաքականության և տարածքների համաչափ զարգացման ծրագրերում հաճախ կարող ենք հանդիպել «մշակութային ժառանգությունը՝ զարգացման հնարավորություն» ձևակերպմանը։ Այս մոտեցումը համեմատաբար նոր է, և պայմանավորված է այն փաստով, որ համայնքի զարգացման ծրագրերը՝ առանց համայնքի մշակութային կենսակերպի ուսումնասիրության, բերելու են ձախողման։ Սրա հիմքում կան մի շարք խնդիրներ, որոնցից առաջինն այն է, որ ծրագրերի մշակումը սովորաբար հանձնարարվում է տնտեսագետներին։ Սակայն, այսօր աշխարհում այս ոլորտում ներգրավվում են հումանիտար մասնագետներ, որոնք համատեղում են հումանիտար և տնտեսական գիտելիքը։ Նրանց ձևավորած մոտեցումները կոչվում են «համայնքների համաչափ զարգացում» և «Մշակույթը՝ որպես կայուն զարգացման գործոն»։ Այս խնդիր շուրջ անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների զարգացման ծրագրերը սկսել են դառնալ ավելի հումանիտար, և մշակութային ժառանգությունը ներառելն այս ծրագրերում դարձել է ավելի կարևորված։

Ինչպե՞ս է մշակույթը դիտարկվում որպես համայնքների զարգացման հնարավորություն։ Վերջին տարիներին աշխարհում և Հայաստանում տարածված են դառնում սոցիալական ձեռներեցության նախաձեռնությունները, որոնք փորձում են օգտագործել համայնքի ներուժը՝ համայնքում որևէ բիզնես կառուցելու և որևէ խնդիր լուծելու համար։ Մյուս կողմից, համայնքի զարգացման հնարավորությունների ծրագրերն օգտագործում են համայնքի մշակութային ժառանգությունը որպես, օրինակ, մշակութային զբոսաշրջության զարգացման հնարավորություն։ Երկու պարագայում էլ կարևոր է նախագծի իրագործողի շահը․ սոցիալական ձեռնարկատիրությունը մնում է բիզնես, անգամ եթե այն լուծում է համայնքի որևէ խնդիր, իսկ մշակութային զբոսաշրջության շահույթի մեծ մասն ամեն դեպքում մնում է ծառայությունը մատուցողի մոտ։

«Մշակութային ժառանգությունը որպես կայուն զարգացման հնարավորություն» մոտեցումը նոր փիլիսոփայություն․է բերում։ Դրա հիմքում են համահավասարությունը, համաչափությունը և բոլոր կողմերի համար մասնակցայնությունը։ Համայնքի բնակիչները ոչ թե թիրախավորվում են որպես համայնքը ներկայացնող կերպարներ, այլ դառնում են մասնակիցը, որոշում կայացնողը, զարգաացման տեսլական ստեղծողը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ համայնքների զարգացման ծրագրերը ձախողվում են այն դեպքում, երբ հնարավուրություն չեն տվել համայնքի ներկայացուցիչներին ունենալ որոշումների կայացման գրեթե ամբողջական հնարավորություն, չեն ունեցել համայնքի կողմից ձևակերպված տեսլական և մշակույթը ունեցել են որպես ապրանք, ոչ թե զարգացման հնարավորություն։ Այս նոր մշակույթն այս գործընթացը դիտարկում է այլ կերպ․ համայնքի ներկայացուցիչներն այս գործընթացում հավասար որոշումներ կայացնող են և հավասար կազմակերպող։

Համայնքների կայուն զարգացման մասին խոսելիս պետք է հաշվի առնվեն հետևայլ բաղադրիչները՝

  • Դրական սոցիալական ազդեցություն
  • Դրական տնտեսական ազդեցություն
  • Դրական էկոլոգիական ազդեցություն և շրջական միջավայրի անվտանգություն

Տնտեսական և սոցիալական համաչափ զարգացածության հասնելու համար պետք է զգոնություն և ուշադրություն, որպեսզի համայնքում չառաջանա բևեռացում․ մի խումբ սկսի հարստանալ, իսկ համայնքի մյուս անդամները դառնան պարզապես սպասարկող։

Դիտեք նաև՝

Search