Չինական ավանդական մշակույթ ասելիս հիմնականում մտածում ենք հին Չինաստանի մասին, պատկերացնում ենք կայսրերին, պալատականներին, ավանդական տարազներ, հին երաժշտական գործիքներ, երբեմն էլ հենց չինարեն լեզվի և գեղագրության (կալիգրաֆիայի) մասին։ Ի սկզբանե, չինացիները կարծել են, որ իրենք առավել են մյուս ազգերից։ Լեզուն մեծապես ազդել է մշակույթի և մարդկանց մտածելակերպի վրա։ Չինարենի դեպքում լեզուն նաև արվեստ է, որն ունի հատուկ ձեռագիր և ոճ։ 1949 թվականի հեղափոխությունից հետո արվեստի մի մասը կենտրոնացել է քարոզչության, պրոպագանդայի վրա, ինչը Չինաստանի դեպքում դիտարկվում է որպես դրական երևույթ։ Սակայն, ասել, թե 49 թվականից ի վեր արվեստը ծառայում է միայն կոմունիստական օրակարգին, սխալ կլինի, որովհետև բազմաթիվ արվեստագետներ ստեղծագործում են կլասիկ օրակարգից դուրս։
Արտաքին քաղաքականության մի մաս կարող ենք համարել լեզվի, մշակույթի, արվեստի արտահանումը։ Չինաստանի կառավարության համար շատ ավելի գրավիչ է համարվում ներկայացնել և արտահանել երկրի հին մշակույթը։ Չինական հիերոգլիֆները ստեղծվել են մ․թ․ա․ 2000-ական թվականներին և դեռևս կիրառվում են նույն ձևով, ինչն արդեն հետաքրքրական է։ Չնայած 20-րդ դարի կեսերին չինացիները փորձեցին տառեր ստեղծել, նրանք ձախողեցին, քանի որ լեզուն շատ մեծ ու հարուստ էր։ Չինական մշակույթի մի ահռելի մաս կազմում է փիլիսոփայությունը և ուսմունքները։ Առանձնահատուկ տարածված են կոնֆուցիականությունը, բուդդիզմը, լեգալիզմը։ Որոշ ուսմունքներ նաև դասվում են կրոնի շարքին։ 1966-1976 Մաո Ցզեդունը իրականացրեց մշակութային հեղափոխությունը։