Creative Armenia-ն, որը հանդիսանում է մշակութային հիմնադրամ և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում` աջակցելով արվեստագետներին իրենց նոր գաղափարների իրականացման մեջ, նոր ծրագիր է սկսել` Artbox անունով: Artbox-ը ստեղծարար ինկուբատոր է, որտեղ նախապես ընտրված 25 նախագծերը անցնելու են զարգացման 12 շաբաթանոց ինկուբացիոն շրջան: Այսինքն` գաղափարը ծրագրի շրջանակներում հասցվելու է այնպիսի մակարդակի, որ արվեստագետը կարողանա իր նախագիծը ներկայացնել ներդրողներին և գտնել ֆինանսավորում:
***
Բոլոր ստեղծագործ ոլորտներում մարդկանց մոտ կա խնդիր իրենց, այսպես ասած, վաճառելու, ու չկա ոչ մի տեղ, որտեղ դա հնարավոր է սովորել, ու արդյունքում` ստեղծագործ մարդիկ իրենց աշխատանքի պրագմատիկ մասը չեն կարողանում կազմակերպել: Բացի այդ, Հայաստանում արվեստը, մշակույթը մի քիչ սենտիմենտալ մակարդակի վրա է, ու հեղինակի համար միշտ խնդիր է ստեղծագործությունն իրենից պոկելը և նյութական մի բան դարձնելը: Նման ինկուբատորների բացման շնորհիվ մշակույթն ու արվեստը նաև ուրիշ կողմից կդիտարկվեն, իսկ ստեղծագործ երիտասարդները հնարավորություն կստանան բիզնես հմտություններ և համապատասխան գործիքակազմ ձեռք բերելու: