«Մեր թաղը» հաղորդաշարի հերթական թողարկմանը այցելել ենք Արտաշատ և հանդիպել քանդակագործ Վանուշ Սաֆարյանին։ Նա պատմում է իր վանեցի նախնիների՝ Արտաշատում հաստատվելու պատմության մասին։ Խոսում է նաև քաղաքի կոլորիտից, բարբառի ձևավորումից, բնակիչների նիստ ու կացից, միմյանց հանդեպ վերաբերմունքից։
Արտաշատ քաղաքի բնակչության հիմնական մասը խոյեցիներ են։ Խոյի բարբառը մինչև օրս էլ կիրառվում է քաղաքում և հարակից գյուղերում։ Սակայն ժամանակակից արտաշատցիների խոսվածքը միայն Խոյի բարբառը չէ։ Այն Վանի, Կարսի, Ջավախքի և այլ բարբառների միաձուլումն է:
Վանուշ Սաֆարյանը պատմում է, որ քաղաքի երկաթուղային կայարանը ժամանակին շատ ավելի բազմամարդ էր, քան այժմ։ Գործում էր Արտաշատ-Բաքու երթուղին։ Խորհրդային շրջանում եղել են նաև ածուխով աշխատող շոգեքարշեր․․․
Քաղաքում նաև լուսանկարչական փոքրիկ սրահներ կային, որոնք ժողովրդի մեջ հայտնի էին հենց լուսանկարիչների անուններով՝ «ֆոտո Վասիլ», «ֆոտո Պարգև» և այլն։ Նրանք քաղաքի կոլորիտի մի մասն էին, որովհետև նրանց մոտ նկարվելը նախապես պլանավորված իրադարձություն էր ընտանիքներում, ինչպես օրինակ քաղաքային բաղնիք գնալը։
Արտաշատը ժամանակին եղել է հայկական Արտաշեսյան հարստության մայրաքաղաքը և արքաների նստավայրը։ Այժմ քաղաքի հրապարակում տեղադրված է Վանուշ Սաֆարյանի քանդակած «Արտաշես արքան»։ Այս աշխատանքը ստեղծելու մասին հեղինակը ուսանողական շրջանից է մտածել և երկար տարիներ աշխատել քանդակի վրա․․․
«Մեր թաղը» հաղորդաշարը նվիրված է Հայաստանի տարբեր քաղաքների թաղերին ու բակերին: Ամեն հաղորդման ընթացքում ճանաչված մարդիկ պատմում են իրենց թաղի, այդտեղ ապրող մարդկանց, նրանց նիստուկացի մասին` վերհանելով մարդու ու միջավայրի կապը և ցուցադրելով քաղաքային միջավայրի փոփոխությունը: Հաղորդման հերոսը ոչ թե մարդն է, այլ այդ մարդու պատմությունը իր թաղի մասին: