Թեմաներ ընտրելիս ես շատ մտածում եմ մոտեցումների մասին, ու հենց այդտեղ է, որ պետք է որոշում կայացնեմ` ոնց նկարել: ՄԻԱՎ ունեցող կանանց մասին շարքն անելիս ես առաջին անգամ բախվեցի մի թեմայի, որը պահանջում է գաղտնիություն, քանի որ նրանցից շատերի հարազատները չգիտեին իրենց կարգավիճակի մասին: Ես բախվեցի մի թեմայի, որտեղ, որպես լուսանկարիչ, ես չեմ կարող լուսանկարել: Որպես վավերագրող լուսանկարիչ, ֆոտոլրագրող` ես միշտ լուսանկարում եմ այն, ինչ տեսնում եմ: Այստեղ ես հստակ լուրջ խնդիր ունեի մարդկանց ինքնությունը չբացահայտելու:
2019 թվականի վերջին հասկացա, որ կամաց-կամաց լուսանկարելու ձևը գալիս է ինձ մոտ, ու դա համընկավ նաև այն ժամանակահատվածին, երբ ես, որպես լուսանկարիչ, ինձ այդքան լավ չէի զգում ուղիղ վավերագրության մեջ, տրանսֆորմացիայի ցանկություն կար: Ու եկավ մի միտք, որ ես պետք է այդ կանանց համար ստեղծեմ ապահով տարածք: Իրենք չպետք է ներկայացվեն որպես իրենք, չպետք է երևան իրենց դեմքերը, բայց իրենց պատմությունները ես պետք է ինչ-որ ձևով փորձեմ վերարտադրել: Ու սա դարձավ այն նախագիծը, թեման, որը ես փորձեցի մետաֆորիկ ձևով ներկայացնել:
Ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշային․ Նազիկ Արմենակյան
ՖՈՏՈՖԵՍՏ լուսանկարչական փառատոնի 2021թ. թողարկումը կրում է «ժապավենից՝ թվանշային» խորագիրը: Փառատոնի շրջանակում 10 լուսանկարիչ կիսվել են իրենց գործունեության գաղտնիքներով, գիտելիքներով ու հմտություններով, պատմել են ընթացիկ ծրագրերի և նշանակալի ստեղծագործությունների մասին։
Հեղինակներ՝ Զավեն Խաչիկյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թորոս Խաչատրյան, Անդրանիկ Քեշիշյան, Նազիկ Արմենակյան, Դամիան Հովհաննիսյան, Ալեք Լևասգանի, Սուրեն Մանվելյան, Արամ Կիրակոսյան, Անի Գևորգյան
Ծրագրի համադրող՝ Վահե Բուդումյան
«Ֆոտոֆեստ» լուսանկարչական փառատոնը ՀայԱրտ մշակութային կենտրոնի նախագիծն է։