Play Video

Գրիգոր Մելիք-Ավագյանի «Արևածագից առաջ» ֆիլմը նկարահանվել է 1962 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում և հիմնված է Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը», «Օրանջիա», «Նամակ ռուսաց թագավորին» և «Սպիտակ ձին» պատմվածքների վրա: Գրիգոր Մելիք Ադամյանը հիմնականում հայտնի է իր «Մոր սիրտը» և «Ինչու է աղմկում գետը» ֆիլմերով, մինչ «Արևածագից առաջ» ֆիլմն անարդարացիորեն ստվերված է հայկական կինոյի պատմության մեջ:

Ֆիլմի մասին զրուցում են Րաֆֆի Մովսիսյանը և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեջբերումներ զրույցից`

«Այս ֆիլմի մեջ ունիկալ է այն, թե ինչպես են կարողացել 1961-1962 թվականներին բացահատել Բակունցի պատմվածքների և առհասարակ ստեղծագործական աշխարհի մի չափազանց ուշագրավ յուրահատկություն, որի մասին գրականագիտությունը խոսել է ավելի ուշ: Դա Ակսել Բակունցի պատմվածքների համատեքստայնությունն է. ստեղծել տարբեր առանձին սյուժեներ, տարբեր պատմվածքներ ունենալ, բայց ահա կառուցվածքի, կոմպոզիցիոն յուրահատկությունների, աուրայի, հերոսների տիպի ու տեսակի, լռության տեսանկյունից ստեղծել մի այնպիսի միջավայր, որ կարող ես տարբեր պատմվածքներից նման սյուժե հավաքել ու դրա գլխավոր դերում դնել Ակսել Բակունցին որպես կերպար»:

«Հրանտ Մաթևոսյանը այսպես է բնութագրում Ակսել Բակունցին`

«Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը, նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը»:

Ես այդ գնահատականը երբ առաջին անգամ կարդացի, հասկացա, որ ես դա կուզեի տալ իմ ամենասիրելի ռեժիսորներին: Երկար մտածում էի, թե ինչու: Հետո հասկացա, որ Բակունցի գրականությունը որպես այդպիսին շատ կենսագրական է, և վավերագրական նյութի հետ առնչությունը շատ կոնկրետ է: Այսինքն` ինքը ոչ թե գեղեցիկին է տուրքը տալիս, այլ ճշմարտացիին, այն, ինչին իրականում և մղված է իսկական կինոն: Շատ հաճախ նույնիսկ ամենաէսթետիկ կինոյի հիմքում ճշմարտության, իրականության կենդանագրումն է»:

Դիտեք նաև՝

Search