Play Video

Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Չինաստանում բռնկվում է քաղաքացիական պատերազմ ազգայնականների ու կոմունիստների միջև: 1949 թվականին Մաո Ցզե-դունի ղեկավարած ուժերը վերջնական հաղթանակ են տանում: Երկրում հաստատվում են կոմունիստական կարգեր: Պահպանողականների առաջնորդ Չան Կայ-շին ստիպված հեռանում է մայրցամաքից ու ապաստան գտնում Թայվանում: Կղզու սահմաններում նա պահպանում է իր իշխանությունը: Մայրցամաքից Թայվան է գաղթում մոտ 2 միլիոն մարդ:  

1960-70-ականներին Թայվանում կինոարտադրությունը արդեն իսկ բավականին զարգացած էր: Ճիշտ է` հիմնականում նեղ ժանրային ֆիլմեր էին նկարահանվում` կունգ-ֆու էքշն, պատմական ֆենթըզի, միանման մելոդրամաներ ու պրոպագանդիստական ֆիլմեր: Ժամանակի ընթացքում տեղական արտադրության կինոն սկսում է զիջել իր դիրքերը, հանդիսատեսը նախընտրում է հոնգկոնգյան մարտաֆիլմերը և ամերիկյան նոր կինոն: Մրցակցությանը դիմակայելու նպատակով 1980-ականներին կառավարությունը որոշում է խրախուսել երիտասարդ անկախ հեղինակներին, ինչը և ազդարարում է նոր ալիքի սկիզբը: 

Երիտասարդ ռեժիսորները փորձում են հեռանալ մելոդրամատիկ կլիշեներից և արհեստական սյուժեներից: Կենտրոնանում են ժամանակակից մարդու կենցաղը, ամենօրյա կյանքը պատկերելու վրա: Իտալական նեոռեալիզմից ոգեշնչված` թայվանցի հեղինակներն անդրադառնում են երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակին: Հայացքն ուղղում են աշխատավոր կամ գյուղացի մարդկանց զրկանքներին: Ներգրավում են ոչ պրոֆեսիոնալ դերասանների, նկարահանումներն անցկացնում բնական պայմաններում, առանց հատուկ լուսավորության կիրառման: Ռեժիսորները հաճախ հատուկ դանդաղեցնում են գործողության տեմպը, այդպիսով ժամանակ ու հնարավորություն են տալիս հանդիսատեսին ֆիլմերի ռիթմն ըմբռնելու ու կինոն նոր ձևով ընկալել սովորելու:

Ի տարբերություն, օրինակ, 80-ականների չինական պոետիկ կինոյին, թայվանական նոր ալիքի ֆիլմերում անգամ արևմտակենտրոն հանդիսատեսը չի նկատի որևէ էկզոտիզմ: Ֆիլմերն անդրադառնում են երկրի պատմությանն ու ապրելակերպին` օգտագործելով ունիվերսալ կինոլեզու: Արդեն 90-ականներից Չինաստանի կինոգործիչները գնում են կղզեցիների հետքերով. 6-րդ սերնդի ռեժիսորները ոգեշնչվում են հենց թայվանական նոր կինոյից: Իսկ 2000-ականներին դանդաղ կինոն դառնում է գլխավոր թրենդներից մեկը` ոչ միայն Ասիայում, այլ նաև Եվրոպայում ու Լատինական Ամերիկայում:

Դիտեք նաև՝

Search