1960-ականները ԱՄՆ-ի քաղաքական ու մշակութային կյանքում նշանակալի իրադարձությունների տարիներ են: Թափ են հավաքում հակապատերազմական շարժումն ու քաղաքացիական իրավունքների համար պայքարը, կանանց և ուսանողների ակտիվիզմը: Առաջանում են բազմաթիվ ենթամշակույթներ: Արվեստի, երաժշտության ու կինոյի ոլորտում շրջադարձ է տեղի ունենում:
Դեռևս 40-50-ականներից Հոլիվուդին զուգահեռ` հիմնական կինոստուդիաներից դուրս, անկախ ռեժիսորները նկարում էին ծայրահեղ սակավաբյուջե, անդերգրաունդային ֆիլմեր: 60-ականների երկրորդ կեսին գալիս է նաև Հոլիվուդում փոփոխությունների ժամանակը: Կինոարտադրության ոլորտում տասնամյակներ շարունակ արգելքներ սահմանող Հեյսի կանոնագիրքը փոխարինվում է համեմատաբար ազատական վարկանիշների համակարգով:
Հանդիսատեսը նոր տիպի կինո է պահանջում: Խոշոր կինոընկերությունները սկսում են հեղինակային ֆիլմեր նկարահանել: Կինոարտադրության ոսկե կանոնները խախտվում են. արգելված թեմաները ֆիլմերի հիմքն են կազմում:
Ամերիկյան նոր ալիքի բաղկացուցիչ կարելի է համարել և՛ Նոր հոլիվուդը, և՛ հարուստ կինոստուդիաներից դուրս նկարվող` անկախ կինոն: